211652_close_icon
views-count1098 դիտում article-date 23:13 29-11-2022

Գավառի երաժշտական դպրոցի աշակերտները դարձել են միջազգային մրցույթների հաղթողներ

Գավառ քաղաքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտները վերջերս մայրաքաղաք Երեւանում մասնակցել են միջազգային մրցույթների եւ ճանաչվել  դափնեկիրներ։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի վոկալի բաժնի 5-րդ դասարանի աշակերտուհիներ Աննա Սիրականյանը եւ Մանե Հակոբյանը, դասատու՝ Աննա Գզրարյան, մասնակցել են «Ոսկե ձայն» միջազգային մրցույթ-փառատոնին եւ դարձել հաղթողներ: Աննա Սիրականյանն արժանացել է գլխավոր, իսկ Մանե Հակոբյանը՝ 1-ին կարգի մրցանակի:

Մրցույթ-փառատոնին Աննա Սիրականյանը հանդես է եկել «Дорогой длинною» ռուսական ռոմանսով, երգի հեղինակ՝ Բորիս Ֆոմինին, Դարյա Անտանյուկի երգացանկից, իսկ Մանե Հակոբյանը՝ «Rolling in the deep» անգլիական պոպ կատարումով, երգի հեղինակ՝ Ադել եւ Պոլ Էպուորտ, Ադելի երգաշարից:

Նույն դպրոցի աշակերտները մասնակցել են «Մոցարտ» գործիքային երաժշտության 4-րդ միջազգային մրցույթին եւ արժանացել գլխավոր,  1-ին եւ 2-րդ կարգի մրցանակների:

Դպրոցի աշակերտները հանդես են եկել դաշնամուրային, դհոլի, քանոնի եւ դուդուկի անվանակարգային կատարումներով:

«Այս հաջողությունները փաստում են, որ մեր դպրոցում տեսանելի է ոչ միայն մանկավարժների նպատակային ու քրտնաջան աշխատանքը, այլ նաեւ մեր աշակերտների երաժշտական վառ տաղանդը, ձգտումն ու նվիրումը։ Ամեն մի հաջողություն թեւավորում է մեզ, մղում ավելի նպատակասլաց ու արդյունավետ աշխատանքի։ Մեր երաժշտական դպրոցի, մեր տաղանդավոր ու շնորհալի սաների հաջողությունների շնորհիվ Գավառ քաղաքի անունը ճանաչվում է աշխարհի շատ երկրներում»,-նշեց Գավառի Հ․ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանը։

Նմանատիպ նյութեր