211652_close_icon
views-count361 դիտում article-date 21:14 26-11-2022

Մեկնարկել է հակամանրէային կայունության դեմ պայքարին նվիրված երկօրյա գիտաժողովը

Այսօր մեկնարկել է հակամանրէային կայունության դեմ պայքարին նվիրված «Հակամանրէային դեղեր» խորագրով երկօրյա գիտաժողովը, որով ամփոփվում է հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթը:

Այն կազմակերպվել է ՀՀ առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄեդՊրոգրես առողջապահական հիմնադրամի համատեղ ջանքերով:

Առողջապահական, գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձել են հակամանրէային դեղերի ոչ պատշաճ կիրառման, դրա դեմ պայքարի գործընթացում բոլոր ուժերի համախմբման ու համալիր միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը:

Իր ելույթում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության խնդիրը պետք է դիտարկել «Մեկ առողջություն» գաղափարի շրջանակներում և պայքարել դրա դեմ՝ համագործակցելով «Մեկ առողջություն» հարթակի բոլոր դերակատարների հետ։ «Սա նաև անասնաբուժության խնդիր է, որի դեմ պայքարի համար առաջին հերթին անհրաժեշտ են իրավական կարգավորումներ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով կազմակերպել կենդանիների խնամքը, հիվանդությունների կանխարգելումը, հակաբիոտիկների վաճառքը, անասնաբուժական դեղամիջոցների անկանոն օգտագործման բացառումը։ Վերոնշյալ կարգավորումները կդառնան վարակների տարածումը կանխելու գործիք՝ նվազեցնելով միկրոօրգանիզմների փոխանցման ռիսկը և, որպես հետևանք, կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխելով հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը»-շեշտել է նա:

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը սննդամթերքի անվտանգության անկյունաքարային խնդիրներից է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և աճը խթանելու նպատակներով:

Հակաբիոտիկների անկանոն օգտագործումն ու օրգանիզմից դուրսբերման ժամանակահատվածին ուշադրություն չդարձնելը բերում է նրան, որ դեղերի մնացորդները հայտնվում են սննդամթերքում հետագայում մարդու օրգանիզմում հայտնվելու ռիսկայնությամբ, ինչն իր հերթին առաջացնում է կայունություն հակամանրէային միջոցների նկատմամբ: