211652_close_icon
views-count68928 դիտում article-date 20:09 25-11-2022

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes Vito-ն ու Mercedes C-ն, կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes C և Mercedes Vito մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև Ապարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։ 

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի    Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի ավագ տեսուչներ Խաչիկ Խաչատրյանն ու Վահե Խաչատրյանը։

Բախման հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել է միակողմանի։

ՃՈ տեսուչների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում երթևեկությունը կարգավորվել է։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր