211652_close_icon
views-count60516 դիտում article-date 16:39 26-08-2024

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ Դիլիջան-Իջևան ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն ու «Ford Transit»-ը․ կա 2 զոհ, 7 վիրավոր․ ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes Vito»-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացնում են հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը։

Մինչ դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հերթապահություն էին իրականացնում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: 

Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արգամ Ռաֆայելյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալ Մազյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորներին և վարորդների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը «Mercedes Vito»-ի ուղևորներից է եղել, ով Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Սուսաննա Վերանյանն է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր