211652_close_icon
views-count902 դիտում article-date 18:12 25-11-2022

«Հայաստան» հիմնադրամի 25–րդ Հեռուստամարաթոնը ընթացքում հավաքագրվել է 11 մլն դոլար. ամփոփում

Նոյեմբերի 24-ին «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրի ներքո տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է 11 003 439. 51 ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» հիմնադրամից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Հեռուստամարաթոն 2022»–ի շրջանակում Հայաստանից եւ Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ–ի տեղական մարմինը հավաքագրել է 5 000 250 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 284 000 ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 000 ԱՄՆ դոլար, Կանադայի (Տորոնտո) տեղական մարմինը 547 272 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ նվիրատվություններ են կատարվել հետեւյալ երկրներից՝ Կանադայի (Մոնրեալ) 204 000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա 100 000 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա 80 000 ԱՄՆ դոլար, Գերմանիա 52 660 ԱՄՆ դոլար, Արգենտինա 25 000 ԱՄՆ դոլար, Ավստրիա 6 144 ԱՄՆ դոլար, Ռումինիա 3 833 ԱՄՆ դոլար:

«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաեւ սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել է մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքը:

Նմանատիպ նյութեր