211652_close_icon
views-count945 դիտում article-date 20:18 24-11-2022

Պատգամավորները նոր կարգավորումներ են առաջարկում Ընտրական օրենսգրքում

Ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: Օրենքում 2021 թ. իրականացված փոփոխությունների համաձայն` Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, որն ուժի մեջ պետք է մտնի 2023 թ. հունվարի 1-ից, փոփոխվել է, ինչի արդյունքում վերը նշված գործառույթներն ապագայում պետք է իրականացնի ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս մասին ասել է պատգամավոր Արփինե Դավոյանը` ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով իր եւ պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրքե սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Սահմանադրությամբ ընտրական գործընթացի բոլոր փուլերը, այդ թվում` նախընտրական քարոզչության, օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է կիրառվելիք օրենսդրական կարգավորումների սահմանադրականության վերաբերյալ մտահոգություններով»,- նշել է Արփինե Դավոյանը:

Համահեղինակի խոսքով նշված խնդրի կապակցությամբ քննարկումները շարունակվում են: Առաջիկայում նախատեսվում են ընտրական բարեփոխումներ, ուստի առաջարկվում է հետաձգել Ընտրական օրենսգրքի 2021 թ. ընդունված 22-րդ հոդվածի կիրարկումը, եւ խնդիրներին վերջնական լուծում տալու հարցը կարգավորել այդ բարեփոխումների շրջանակում:

Արփինե Դավոյանի եւ Ալխաս Ղազարյանի հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 24-ին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ Կառավարությունը նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ ու դիտարկումներ չունի եւ հորդորում է կողմ քվեարկել:

Նմանատիպ նյութեր