211652_close_icon
views-count936 դիտում article-date 20:31 21-11-2022

«Կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր». ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները։ Այս մասն հայտննում է ԿԳՄՍ նախարարությունը։

ԲՈԿ նախագահն անդրադարձել է աստիճանաշնորհման կարգի, գրագողության դեպքերի կանխման, գիտության միջազգայնացման, այլ երկրների հետ համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցերի:

Աստիճանաշնորհման կանոնակարգը ԲՈԿ-ի ամենակարևոր փաստաթուղթն է

Ըստ Կարեն Քեռյանի՝ բազմաթիվ հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել են տարբեր երկրների աստիճանաշնորհման կարգերը, և անհրաժեշտություն կա փոփոխություններ անելու՝ սկսած որակական չափանիշներից: Առաջարկվում է առաջատար կազմակերպության փոխարեն գիտական աստիճանի հայցման ատենախոսության համար ևս մեկ ընդդիմախոս դիտարկել:

«Որակական պահանջների համար առանցքային է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը». այդ շրջանակում նախատեսվում է ունենալ առնվազն 4 բուհ, որոնք ընդգրկված կլինեն աշխարհի բուհերի լավագույն 500-յակում: Դրա առաջին նախապայմաններից է միջազգային չափանիշներին համապատասխան հոդվածներ ու ծրագրեր ունենալը: Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները տպագրվեն ոչ միայն տեղական, այլև միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական պարբերականներում, որպեսզի գիտությամբ զբաղվողները մրցունակ լինեն աշխարհում»,- ընդգծել է Կարեն Քեռյանը: Նա տեղեկացրել է, որ բնական գիտությունների ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցողների 60-70 տոկոսը միջազգային հրապարակումներ ունի, այնինչ հումանիտար և հասարակագիտական ոլորտում այն կազմում է ընդամենը 2-4 տոկոս:

Հնարավորություն կստեղծվի արտերկրից ունենալու համաղեկավար, ապահովելու Հայաստանի և օտարերկրյա գիտնականների համագործակցության ակտիվ դաշտ:

Այս պահին գիտությունների թեկնածուի հայցման համար կա 2 հնարավորություն. 6 հոդված ԲՈԿ-ի ընդունելի տեղական պարբերականներում կամ 3 հոդված, որից մեկը՝ պարտադիր միջազգայնորեն ճանաչված գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականում:

«Պահանջելու ենք ոչ թե 6 կամ 3 հոդված, այլ 3 հոդված, որից մեկը՝ միջազգային գիտական շտեմարաններից որևէ մեկում: Այդ պահանջը կվերաբերի նաև գիտական ղեկավարին, մասնագիտական խորհրդի անդամներին: Պետք է նախապատրաստել գիտական հանրությանն այդ փոփոխություններին: Գիտության ֆինանսավորումը կրկնակի շատացել է, ինչը հնարավորություն է, որը պետք է նպատակային օգտագործվի և շոշափելի արդյունքներ գրանցի»,- ասել է Կարեն Քեռյանը: Նրա գնահատմամբ՝ նշաձողը պետք է բարձրացվի: Հայաստանյան 100 պարբերականից 5-ն է միայն գրանցված Web of Science-ում, և այս ցուցանիշը պետք է բարելավվի:

Աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը շուտով հանրային քննարկման կդրվի: Կարեն Քեռյանը նախանշել է ոլորտի բարեփոխումներում մասնագիտական հանրության ակտիվ քայլերի կարևորությունը, որպեսզի փոփոխությունները լինեն ոչ թե վերևից ներքև, այլև հակառակը: Բնական գիտությունների ոլորտում միջազգային օլիմպիադաներին մասնակցությունն ու ուսանողներին դրան պատրաստելը, ըստ նրա, լավագույն օրինակն են: Պետք է մրցունակ լինել ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հարթակներում:

Կներդրվի գրագողության բացահայտման նոր ծրագիր

«Նոր ծրագիրը ներդրման փուլում է. բազաներն ենք թարմացնում, առաջին փորձարկումներն ենք անում: Նոր տարբերակի ներդրումը չի սահմանափակվելու միայն ԲՈԿ-ով: Այն պետք է հասանելի դառնա նաև պարբերականների խմբագիրների համար, որպեսզի հոդվածը տպագրելիս ստուգումն անցած լինի»,- ասել է Կարեն Քեռյանը՝ կարևորելով գրագողությունները բացահայտելու ուղղությամբ մասնագիտական հանրույթի ներքին պահանջը և պատասխանատվությունը:

Նրա տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսվում է մի ամսվա ընթացքում գործարկել ԲՈԿ-ի ներսում, իսկ արդեն 2023 թ.-ից՝ հասանելի դարձնել պարբերականների և մասնագիտական խորհուրդների համար:

Վիճակագրական տվյալներով՝ եթե վերջին տարիներին հումանիտար թևի ատենախոսական պաշտպանությունների քանակը 20-30 տոկոս ավելին էին բնագիտական թևի համեմատ, ապա այս տարի դրանք հավասար են, քանի որ բնագիտական ոլորտը համեմատաբար ակտիվացել է:

Գրագողության բացահայտման ծրագրի ներդրման շրջանակում համաձայնագիր է կնքվել ՌԴ գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտի (Институт Системного Програмирования) հետ, աշխատանքներ են տարվում Ղրղզստանի և Ղազախստանի հետ՝ կնքելու նոր համաձայնագրեր՝ փորձի փոխանակման, կարգերի մշակման ուղղությամբ խորհրդատվության և այլ նպատակներով:

Նմանատիպ նյութեր