211652_close_icon
views-count781 դիտում article-date 22:39 17-11-2022

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. ԱՀԿ

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները նորից հաստատում են այս փաստն ու դրա դեմ պայքարի ավելի հասցեական քաղաքականություն մշակում:

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, հենց այդ նպատակով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նոյեմբերի 17-18-ը Երևանում կազմակերպել է աշխատաժողով: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները երկօրյա հանդիպման ընթացքում քննարկում են ապացույցների վրա հիմնված ամենաարդյունավետ քաղաքականությունները, որոնք իրապես հնարավոր է կիրառել իրենց երկրներում:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին մեր երկրում` Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է առողջ սնուցման համար նպաստավոր միջավայրի խթանումը, երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը, ինչպես նաև շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը միտված ռազմավարական առաջնահերթությունների մշակումը:

«ԱՀԿ-ի վերջին տվյալները փաստում են, որ դեռևս յուրաքանչյուր երրորդ երեխան ապրում է ավելորդ քաշով կամ գիրությամբ», - նշել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գծով ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար դոկտոր Կրեմլին Վիկրամասինգեն: «Մեզ հրատապ անհրաժեշտ են ավելի արդյունավետ քաղաքականություններ, որոնք կարող են օգնել հակադարձել մանկական գիրության ներկայիս միտումները՝ սննդակարգերը բարելավելու, ինչպես նաև շուկայում անառողջ սննդի և ըմպելիքների գովազդը սահմանափակելու միջոցով»:

Երեխաների համար ոչ առողջ սննդամթերքի վաճառքի սահմանափակումների ու սննդի փաթեթի առջևի մասում մակնշում անելու մասին ԱՀԿ-ի արած առաջարկները աշխատաժողովի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին հարմարեցնել իրենց ազգային համատեքստին ու կիրառել իրենց երկրներում:

Նմանատիպ նյութեր