ՍԴ նախագահը ընդգծել է հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են բոլոր մակարդակներում
2022 թվականի նոյեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Արման Դիլանյանն ընդգծել է հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են բոլոր մակարդակներում: Ըստ Սահմանադրական դատարանի նախագահի՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է իրավական և արժեհամակարգային հետաքրքրությունների ու սահմանադրական մոդելների նմանությունների վրա: Այս առնչությամբ Արման Դիլանյանը կարևորել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման, իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում բարեփոխումներին տրամադրվող համապարփակ ու մշտական աջակցությունը:
Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանի նախագահին հայ-գերմանական իրավական համագործակցության խթանմանը միտված քայլերի համար և ողջունել է Բարձր դատարանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը: Վիկտոր Ռիխտերը նշել է, որ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունն ու սահմանադրականությունը անվտանգության, կայունության ու զարգացման գրավականն են, և Գերմանիան վճռական է աջակցելու Հայաստանի դատաիրավական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք կարևորել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրական դատարանի միջև իրավական երկխոսության հետագա ամրապնդումը ու մոտ ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերն արժևորել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) գործունեությունը: