211652_close_icon
views-count349 դիտում article-date 16:09 03-04-2026

Հայաստանի ու Իրաքի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Մոհամմադ ալ Շեյխլին՝ Սարգիս Խանդանյանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ ալ Շեյխլիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են եղել Հայաստանի և Իրաքի միջև փոխգործակցության շարունակական զարգացման համար: Նա ընդգծել է Հայաստանի և Իրաքի միջև միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների զարգացման և ընդլայնման կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոհամմադ ալ Շեյխլին նշել է, որ Հայաստանի ու Իրաքի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչն արտահայտվում է նաև մի շարք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ:

Երկուստեք նշվել է, որ արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում երկու երկրները մեծապես կարևորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ այն կարևորագույն պայման է պետությունների բարգավաճման և փոխշահավետ համագործակցության համար:

Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում շեշտվել են պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը, ինչպես նաև Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործունեությանն ուղղված ծրագրերի ակտիվացումը:

Նմանատիպ նյութեր