211652_close_icon
views-count1109 դիտում article-date 09:25 10-11-2022

Միջանկյալ ընտրությունների արդյունքների ամփոփում. ամերիկահայության հեռանկարները․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգներում շարունակում են ամփոփել միջանկյալ ընտրությունների արդյունքները: Ըստ նախնական տվյալների՝ Հանրապետական կուսակցությունը արձանագրեց սպասվածից ավելի համեստ ձեռքբերումներ: 

«Ակնկալվում էր, որ ընտրություններին կլիներ «կարմիր (հանրապետական կուսակցության գույնը- խմբ.) ալիք»: Սակայն դրան ականատես չեղանք, փաստորեն: Թեև վերջնական թվերը դեռ հայտնի չեն, սակայն այս պահի դրությամբ թվում է, որ դեմոկրատներին հաջողվում է պահպանել Սենատը»,- նշում է Եղիսաբեթ Չուլջյանը:

«Հիմնական եզրակացությունն այն է, որ ընտրություններին արձանագրվեց կարմիր ալիք, որը սկսվեց Ֆլորիդայում և ավարտվեց Ֆլորիդայում: Սա իրականում այն ամենն է, ինչ մենք արձանագրել ենք: Մյուս հիմնական կետն այն է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այսպես կոչված Z սերնդի, այսինքն 1995 թվականից հետո ծնված ընտրողների քվեարկությանը: Նրանք քվեարկել են Ջո Բայդենի օգտին 2020 թվականին, և այս անգամ էլ իրենց ձայնը տվեցին դեմոկրատներին: Նրանց չափազանց մտահոգգում էր հղիության արհեստական ընդհատման հարցը, և այն, իրոք, հայտնվեց բազմաթիվ հարցումների ուշադրության կենտրոնում»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Թոդ Բելթը։

«Ցանկացած արդյունք դեռևս հնարավոր է, սակայն ամենահավանականը բաժանված օրենսդիր մարմինն է: Սա միմկողմից կարող է դուռ բացել դեպի քաղաքական փոխզիջում Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջև կամ խորացնել լարվածությունը երկու կուսակցությունների և դեմոկրատ նախագահի միջև»,- նկատում է Վիսկոնսինի Մեդիսոն համալսարանի լրագրողական դպրոցի պրոֆեսոր Մայք Վագները:

«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանը ընդգծոււմ է՝ թե՛ Սենատում և թե՛ Ներկայացուցիչների պալատում ընթանում է բուռն պայքար դեմոկրատների ու հանրապետականների միջև: Մոտ ժամանակներում պարզ կդառնա՝ արդյոք հաջողվել է դեմոկրատներին պահպանել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մեծամասնությունը: Հայ Դատի հանձնախմբի խոսնակը վերահաստատում է՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում, Հայ Դատի հանձնախումբը կաշխատի յուրաքանչյուր կողմի հետ:

«Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կշարունակի առաջ տանել իր օրակարգը թե՛ դեմոկրատների և թե՛ հանարապետականների հաղթանակի դեպքում: Անկախ կուսակցությունից, կապեր կհաստատենք բարձրաստիճան օրենսդիրների, հանձնաժողովների ղեկավարների, մասնավորապես արտաքին կապերի ու արտաքին հատկացումների հանձնաժողովների նախագահների հետ»,- ասում է նա:

Ըստ նրա՝ Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը ստացած ԱՄՆ Սենատի ու Ներկայացոցւիչների պալատի 88 թեկնածուներից, նախնական տվյալների համաձայն, հաղթանակ են տոնում 87-ը, որոնց թվում են սենատորներ Մարկո Ռուբիոն, Ալեքս Փադիլլան, Քրիս վան Հոլենը, Չակ Շումերը և այլ սենատորներ, ինչպես նաև տասնյակ կոնգրեսականներ, ներառյալ հայկական հանձնախմբի համանախագահներ և փոխհամանախագահներ Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը, հայազգի կոնգրեսական Աննա Էշուն ու այլ կոնգրեսականներ:

«Մեր գործը պետք է լինի հայամետ կոնգրեսականների թվի ընդլայնումը, որպեսզի հաջորդ ընտրություններում աջակցենք ավելի մեծ թվով կոնգրեսականների՝ հիմնված նրանց ի նպաստ Հայաստանի ու Արցախի աշխատանքի»,- ասում է Չուլջյանը:

Ըստ Չուլջյանի՝ հայկական հանձնախմբին անդամակցելը միայն դեռ բավարար չէ ամերիկահայության և մասնավորապես Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը ստանալու համար:

«Հայկական հանձնախումբն ունի ավելի քան 120 անդամներ, սակայն մենք աջակցել ենք միայն 88-ին, քանի որ պարզապես անդամակցությունը բավարար չէ: Կոնգրեսականները պետք է կարող լինեն հստակ քայլեր ձեռնարկել ի նպաստ Հայաստանի ու Արցախի»,- նշում է Չուլջյանը:

Չուլջյանի խոսքով՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի նոր համանախագահի նշանակումը, որն այս պաշտոնում կփոխարինի Ջեքի Սփիեռին, տեղի կունենա շուտով ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարության խորհրդակցությունների միջոցով:

Նա կարևորել է նաև Փենսիլվանիա նահանգում սենատորական աթոռի համար ընթացած համառ ընտրապայքարը, որտեղ ձայների փոքր առավելությամբ հաղթել է ամերիկահայ համայնքի աջակցությունը վայելող դեմոկրատ թեկնածու Ջոն Ֆեթերրմանը: Ըստ Չուլջյանի՝ հայկական, հրեական, ասորական, հունական կազմակերպությունների կոալիցիան Ֆեթերրմանին էին աջակցել հանրապետական թեկնածու դոկտոր Մեհմեթ Օզիի դեմ ընտրապայքարում:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի օրենսդիրների և հայամետ սենատորների հաղթանակը շնորհավորել է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Իր տարածած հաղորդագրության մեջ, համագումարի Կոնգրեսի հետ կապերի գծով տնօրեն Մարիամ Խալոյանը գրել է. «Համագումարը շնորհավորում է Հայկական հարցերով հանձնախմբի անդամներին ընտրությունների օրվա հաղթանակների կապակցությամբ, ինչպես նաև Սենատում վերընտրված մեր բարեկամներին: Հայկական հանձնախմբի քրտնաջան աշխատանքն ու ջանքերը վճռորոշ են ԱՄՆ-ի հիմնական քաղաքականության նպատակներն առաջ մղելու և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար»,- ասել է Խալոյանը:

Բացի այդ, Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է նաև մեկ այլ արդյունքներ, մասնավորապես սենատոր Բոբ Մենենդեսի որդի՝ Ռոբերտ Մենենդես կրտսերի հաղթանակը Նյու Ջերսիում, ով ընտրվել է Կոնգրես Հայկական խմբի պաշտոնաթող անդամ Ալբիո Սիրեսի փոխարեն, ինչպես նաև հայկական հանձնախմբին միանալու ցանկություն հայտնած Թոմ Քին կրտսերի առավելությունը Թոմ Մալինովսկու դեմ ընտրապայքարում:

Նմանատիպ նյութեր