211652_close_icon
views-count3351 դիտում article-date 23:55 24-07-2018

Նոյեմբերին միջանկյալ ընտրություններ են լինելու ԱՄՆ-ում․ հանրապետական ընտրողը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պաշտպանել Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ անցկացված հանդիպման ընթացքում իր դիրքերը։ Նա հայտարարում է, թե հանդիպման ընթացքում ինքը չի զիջել որևէ հարցում։ Սակայն հասարակական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների միայն 33 տոկոսն է գոհ հանդիպման ընթացքում նրա պահվածքից։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4497854.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ-ի նախագահը շարունակում է պնդել, որ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ վերջերս անցկացված գագաթաժողովի ընթացքում ինչքը չի գնացել զիջումների։ Սակայն շատերն են ասում, որ նա այդ հանդիպման ընթացքում թվում էր կաշկանդված։ «Ինչո՞վ է Պուտինը վախեցնում Թրամփին», հրապարակային հարց էր ուղղել դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին։ Հանրապետականներից ոմանք նույնպես գոհ չեն։ Սենատոր Ջեֆ Ֆլեյքն էր ասել, թե Թրամփին վստահելու նախկին խաբկանքի պատճառով էր, որ «Ամերիկան Հելսինկիում ենթարկվեց կապիտուլյացիայի»։ Այս խիստ հայտարարություններից հետո էր, որ Թրամփը որոշեց ինքը նույնպես հանդես գալ խիստ դիրքերից։ «Մենք կկանգնեցնենք դա։ Մենք հետ կմղենք նման որևէ փորձ, որևէ փորձ, որը կունենա մեր ընտրություններին միջամտելու նպատակ»,- հայտարարեց Թրամփը։ Սովորական ամերիկացին ունի իր տեսակետը։ «Պուտինը նման է չարոգի հանճարի, որը կարողանում է վարպետորեն դիմել խաբուսիկ քայլերի։ Դրա արդյունքում էր, որ Թրամփը հայտնվեց թակարդում»,- ասում են նյույորքիցիներից շատերը։ Բրուքինգզի հաստատությունից Էլեյն Քամարքի խոսքերով, այս հանդիպումը քաղաքական մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ին։ «Այս հանդիպումը անջնջելի բիծ է թողնելու Թրամփի նախագահության վրա։ Եվ հիմա շատ լուրջ մի հարցական է դրվում նախագահի պաշտոնը զբաղեցնելու Թրամփի ունակությունների վրա»,- ասում է նա։ Իսկ թե արդյոք դա կցնցի՞ Թրամփին հավատարիմ զանգվածի հիմքերը, վերլուծաբաններից ոմանք, այդ թվում Ջոն Ֆորթիերը, նշում են, որ միջին հանրապետական ընտրողը շարունակում է մնալ Թրամփին հավատարիմ։ Իսկ թե քաղաքական ինչ արժեք կունենա այդ հավատարմությունը, ցույց կտան նոյեմբերյան միջանկյալ ընտրությունները։

Նմանատիպ նյութեր