211652_close_icon
views-count1312 դիտում article-date 20:42 09-11-2022

Գլխավոր դատախազ Վարդապետյանը Կոլեգիայի անդամներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Մանասյանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Անահիտ Մանասյանին: Այս մասին տեղեկացնում է Դատախազության լրատվական ծառայությունը։

Աննա Վարդապետյանը շնորհավորել է Անահիտ Մանասյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ և, բարձր գնահատելով նորանշանակ տեղակալի մասնագիտական և մարդկային որակներն ու կարողությունները, համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն համակարգման ոլորտներում էական առաջընթաց գրանցելու նպատակին:

Գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ նորանշանակ տեղակալը, ի թիվս այլնի, համակարգելու է այն ոլորտները, որոնք վերաբերում են միջազգային համագործակցությանը, իրավական բարեփոխումներին, դատախազների շարունակական կրթությանը, էթիկային, ինչպես նաև ղեկավարելու է Դատախազության «Օրինականություն»  գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը:

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազ Վարդապետյանին՝ պատասխանատու և պատվաբեր աշխատանքն իրեն վստահելու համար և վստահություն հայտնել, որ համատեղ ազնիվ, պարկեշտ, բարեվարք, անաչառ ու արհեստավարժ աշխատանքի և ձևավորված լավ ավանդույթները պահպանելու միջոցով հնարավոր կլինի զարգացնել դատախազության համակարգն ու դարձնել իրավական նոր մշակույթի առաջամարտիկը:

Կոլեգիայի անդամները շնորհավորել և բարի գալուստ են մաղթել նորանշանակ տեղակալին:

Նմանատիպ նյութեր