211652_close_icon
views-count2162 դիտում article-date 14:00 20-10-2022

«Մենք կարծես թե կողմնորոշվել ենք». սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը ավելացվեց

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց. «Ինչպես գիտեք Հայաստանի սահմանը հատելիս ապրանքների մի մասը հենց սահմանին հարկվում է ավելացված արչժեքի հարկով, եւ կան ապրանքներ, որոնք չեն հարկվում: Դրանք հիմնականում միջանկյալ սպառման ապրանքներին է վերաբերում, ոչ վերջնական: Մեր այս նախագծով լրացվում է սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը:

Ավելացվում են մի քանի կատեգորիաներ գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, քիմիական, մետալուրգիական և այլ ոլորտներում, որպեսզի թեթևացնենք այն ընկերությունների գործը, որոնք ներմուծելիս խնդիրներ և բարդություններ ունեն սահմանին լրացուցիչ ֆինանսական ծախսերի առնչությամբ. մշակող արդյունաբերության ընկերություններին թույլ ենք տալիս, որ սահմանին չվճարեն ԱԱՀ, այլ՝ ընթացքում, երբ ապրանքները կվաճառեն, կգոյանա ԱԱՀ, իրենք ընդհանուր ռեժիմով կվճարեն»:

Նախարարը նշեց, որ նախագծի ներքո դիտարկվող ապրանքային խմբերից 2021 թվականին ներմուծվել է ընդամենը 11 մլն դոլարի ապրանք. «Բայց մենք գիտենք, որ շատ ընկերություններ խուսափում են ներմուծել հումքը, որովհետև ԱԱՀ-ի առկայությունն իրենց աշխատանքը դարձնում է ոչ մրցունակ»,- նշեց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ երկար ժամանակ քննարկվում է սահմանին ԱԱՀ գանձելու նպատակահարմարությունը, և մենք կարծես թե կողմնորոշվել ենք, և փուլային ճանապարհով պետք է գնանք դրանից հրաժարվելու եղանակով: Հիմա, ըստ էության, այսպիսի որոշումով ոչ թե ազատում ենք ավելացված արժեքի հարկից, այլ խոսում ենք սահմանին հարկելու վերաբերյալ, և այդ առումով մեր քաղաքական մոտեցումը սա է, որ զգույշ, առանց շատ կտրուկ քայլերի փորձենք գնալ այս ճանապարհով, առանց վնասելու և հաշվարկելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ բյուջեի եկամուտների համար»:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հիշեցրեց. «Հիմա ամսական կտրվածքով ԱԱՀ-ի գումարները վերադարձնում ենք, և տնտեսվարողներին այս մասով պարտք չունենք, ամեն ամիս զրոյական է լինում: Այսինքն ինչքան գործարք ունենում են ներմուծման ժամանակ, մենք հաջորդ ամիս, եթե ԱԱՀ գծով պարտավորություններ չունեն, դեբետը վերադարձնում ենք, և այս մասով բավական մեծ գոհունակություն կա»,- ասաց նա:

Փաշինյանն էլ հավելեց. «Շատ կարևոր է արձանագրել, որ մենք ընթացս լուծում ենք ինստիտուցիոնալ նշանակության շատ կարևոր հարցեր, որոնց գոյությունը նաև մոռացվում է: Հիմա ո՞վ է հիշում, որ Հայաստանում ԱԱՀ վերադարձի խնդիր է եղել, երբ մարդիկ իրենց հասանելիք գումարը տարիներով, ամիսներով չեն կարողացել ստանալ:

Մեր խնդիրն է հնարավոր բոլոր պրոբլեմներն այս եղանակով լուծել, որ դրանց գոյությունը մոռացվի: Բազմաթիվ հարցեր են լուծվել: Անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմների բերումով մոռանում ենք կամ հարկ էլ չենք համարում  բարձրաձայնել դրանց մասին»:

Նմանատիպ նյութեր