211652_close_icon
views-count16537 դիտում article-date 14:16 08-10-2022

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ մի քանի հոդվածներով Վանաձորի բանտում գտնվող կալանավորը ահազանգել և հայտնել է, որ Վանաձորում դատախազության ու դատարանի շենքերի նկուղներում ռումբեր են տեղադրված և դրանք պայթեցվելու են

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման և ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ ինքը գտնվում է քրեակատարողական հիմնարկում և իր ցուցումով ժամը 11։30-ին՝ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ և Մյասնիկյան փողոցներում գործող Լոռու մարզի դատախազության և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նկուղներում ռումբեր են տեղադրվել, և քիչ անց պայթեցվելու են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեներ են մեկնել ԱԻՆ ՓԾ  Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ, ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական ծառայության և ինժեներասակրավորական վաշտի ծառայողները, ինչպես նաև՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբերը։ 

Մի քանի ժամ որոնողական ստուգումների արդյունքում նշված տարածքներում ռումբ կամ որևէ պայթուցիկ սարքավորում չի հայտնաբերվել։

Մինչ փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ էին կատարում, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ կեղծ ահազանգը կատարվել է Վանաձորի բանտում գտնվող կալանավոր 46-ամյա Գառնիկ Բաղդասարյանի կողմից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կալանավորվել է ՀՀ քր. օր-ի 175 հ. 3-րդ մասի 1-ին կետով , 177 հ. 1 մասի 1.1 կետով, 177 հ. 2-րդ մասի 1,3 կետեր, 177հ. 2-րդ մասի 2,3 կետեր, 177 հ. 2 մասի 3-րդ կետով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր