211652_close_icon
views-count43136 դիտում article-date 20:57 03-10-2022

Արտակարգ դեպք Երևանում․ ծեծի են ենթարկել «Լեդի» մերսման սրահի տնօրենին, մենեջերին և աշխատակցուհուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 11 խումբը «աջ ծոծրակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Սյուզաննա Ա․-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Կիևյան փողոցի 5 հասցեում գործող «Լեդի» մերսման սրահից։ 

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ այդ օրը, ժամը 05։30-ին նշված սրահ են այցելել ոմն Աբոն և Ժորը, ովքեր սրահի տնօրեն Լևոն Ա․-ի  և աշխատակիցների հետ իրենց չսպասարկելու շուրջ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, իսկ ոմն Ժորը հարվածել է Սյուզաննա Ա․-ի գլխին, դեմքին, ապա հարվածներ հասցրել Լևոն Ա․-ին և մերսման սրահի աշխատակցուհի Մելանյա Ի․-ին։

Արաբկիրի ոստիկանները, ձեռնակելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ոմն Ժորը Երևանի բնակիչ 31-ամյա Ժորա Մ․-ն է, ում նույն օրը հայտնաբերել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ դեպքի փաստով նախապատրաստել են նյութեր, որոնք էլ Ժորա Մ․-ի հետ ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ ոմն Աբոյի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և Արաբկիրի քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սյուզաննա Ա․-ն աշխատում է «Լեդի» մերսման սրահի մենեջեր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։