211652_close_icon
views-count1744 դիտում article-date 16:20 02-10-2022

Տեսանյութի իսկությունն պարզել ենք. այն նոր է. ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ

Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։

Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։ Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ։

Սա ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հերթական պատերազմական հանցագործությունն է, որի աղբյուրը հայատյացության հետևողական քաղաքականությունն է, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ դրսևորվելով կրթական բովանդակությունից սկսած հանրային կյանքի բոլոր ոլորտներում և հենց այդ երկրի նախագահի հայտարարություններում։ Այս արձանագրություններն ի դեպ նաև արված են ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի՝ վերջերս Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում։

Այս տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։

Այսօր ՄԱԿ օրացույցում նշվում է «Բռնության դեմ պայքարի օրը», սակայն պատերազմական այս հանցագործություններին հարցի վերաբերյալ միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կառույցների ոչ համարժեք արձագանքը ցավոք ՄԱԿ օրացույցում միայն նման նոր օրեր լրացնելու ռիսկ է պարունակում»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր