8,3 մլն. շվեյցարական ֆրանկ՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համար
Շվեյցարական Համագործակցության Գրասենյակը Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերի 27-ին կազմակերպեց «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում 2022-2025 թթ.՝ ՄԱՎԵՏԱ» երկարաժամկետ զարգացման նախագծի մեկնարկի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, նախագիծը համաֆինանսավորող և իրականացնող գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև շահագրգիռ միջազգային և տեղական կազմակերպություններն ու անհատները:
Շվեյցարիան, Ավստրիայի և Գերմանիայի հետ համատեղ, մեկնարկեց ՄԱՎԵՏԱ նախածի հիմնական փուլը, որպեսզի աջակցի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Միջամտության նպատակն է բարելավել գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագետների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները: Այսպիսով, նախագիծը կնպաստի Հայաստանի գյուղական վայրերում կայուն, միջավայրի համար բարենպաստ, ներառական աճին, եկամուտների ավելացմանը և (ինքնա)զբաղվածության բարձրացմանը:
Գործնականում, նախագիծը նպատակ ունի այնպես կազմակերպել երիտասարդների ուսուցումը, որ նրանց գիտելիքները, որպես վարձու մասնագետներ կամ ինքնազբաղվածներ, օգտակար լինեն իրենց հետագա մասնագիտական կարիերայի համար: Գործնական ուսուցումն ընկերություններում և ֆերմերային տնտեսություններում պետք է համակցվի քոլեջներում սովորած ժամանակակից առաջավոր գիտելիքների հետ: Ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը / ընկույզի և մրգերի մշակումը։
Ավելին, Նախագիծը կաշխատի դուալ կրթության այս մոտեցումը քաղաքական և ինստիտուցիոնալ մակարդակում ամրացնելու ուղղությամբ. քաղաքականությունները պետք է դառնան ավելի համահունչ, կրթական հաստատություններն` ավելի արդյունավետ, իսկ պետական և մասնավոր հատվածի միջև պետք է ձևավորվի արդյունավետ համագործակցություն: Տեղում Նախագիծը կաշխատի Գորիսի պետական գյուղատնտե-սական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի քոլեջի (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատըն-տեսական քոլեջի (Լոռի), Բերդի պետական բազմաֆունկցիոնալ քոլեջի (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական դպրոցի (Արմավիր) և ՀԱԱՀ-ի Երևանի քոլեջի հետ։
Նախագիծը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նախապատրաստական փուլով, որը հաջողությամբ ամփոփվել է 2022 թվականի օգոստոսին: Այնուհետև մեկնարկել է իրականացման 1-ին հիմնական փուլը, որը կտևի մինչև 2025 թվականի օգոստոսը՝ 8,3 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր բյուջեով: Ինչ վերաբերում է Ավստրիայի հետ համագործակցությանը, որոշ տեխնիկական հարցեր պետք է լուծվեն։ Արդեն սկզբունքորեն հաստատվել է նաև 2-րդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։