211652_close_icon
views-count1012 դիտում article-date 19:23 19-12-2023

Շվեյցարիան 10 միլիոն շվեյցարական ֆրանկ է ներդնում Հայաստանի հետ անտառների վերականգնման 10-ամյա նախագծի համար

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) մեկնարկում է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ 2023-2033 թվականների համար նախատեսված է 10 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 11,5 միլիոն ԱՄՆ դոլար, $) ներդնում ՝ խորհրդարանի պարբերաբար հաստատման պայմանով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունից հայտնում են, որ ունենալով ծովի մակարդակից 375-ից մինչև 4090 մետր բարձրություններ՝ Հայաստանը ծածկված է ցամաքային տարբեր էկոհամակարգերով, որոնք առանցքային դեր են խաղում կենսաբազմազանության և ածխածնի սեկվեստրավորման ապահովման գործում: Միևնույն ժամանակ, երկիրը պայքարում է անտառահատումների, անտառների դեգրադացիայի և կլիմայի փոփոխության լայնածավալ ազդեցության առաջին նշանների դեմ: Հայաստանը պատկանում է տարածաշրջանի ամենաքիչ անտառային ծածկ ունեցող երկրների շարքին՝ ընդամենը 11%, որը կենտրոնացած է, հիմնականում, հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում:

FORACCA-ն նպատակ ունի Հայաստան բերել կլիմայի փոփոխությանն առնչվող թեմայի վերաբերյալ առաջադեմ գիտելիքներ, որպեսզի համապատասխան ազգային քաղաքականությունը հնարավոր լինի ճիշտ մշակել, և որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան գործողությունների անհրաժեշտությունն ու համապատասխան ձևով արձագանքեն: Սերտորեն համագործակցելով Համաշխարհային բանկի ResiLand ավելի ընդարձակ նախագծի հետ՝ FORACCA-ն, Հայաստանի կլիմայական և բնապահպանական (էկոլոգիական) կայուն ապագայի համար, իրականացնում է լավ մշակված և ամբողջական ռազմավարություն, որի երեք հիմնական նպատակներն են զարգացնել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խնդիրների լուծման և անտառների կայուն կառավարման Հայաստանի կարողությունների գիտական ըմբռնումը, խթանել կլիմայական խելացի գործելակերպը գյուղական վայրերում, և ապահովել փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակումը՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման համար։

Նախագծի պլանավորման և իրականացման համար FORACCA-ն աշխատում է Շվեյցարիայի Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի հետ (ETH-WSL), որը հանդիսանում է բոլորին շատ հայտնի Ցյուրիխի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի մաս: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ մեկտեղ, ակտիվորեն մասնակցում է այս նախաձեռնության նախապատրաստմանը։

Առաջին տարում որոշվելու է, թե ինչպես և տեղական ինչպիսի կազմակերպությունների հետ պետք է նախագիծն իրականացվի տեղում։ Այդ առաջին տարվա ընթացքում կհստակեցվի նաև նախագծի կոնկրետ աշխարհագրական ուղղվածությունը: Ի լրումն հողային և կլիմայական պայմաններին, ինչպես նաև լոգիստիկային և հողի առկայությանը՝ շահառուների ընտրության հարցում, որպես հիմնական գործոններ, հաշվի կառնվեն նաև նորարարական ագրոանտառային տնտեսության և անտառների վերականգնման մեջ համայնքների մեծ հետաքրքրությունն ու ներդրում իրականացնելու կարողությունը։ Այս գործընթացի ավարտին կնույնականացվեն մինչև 7 համայնքային և/կամ մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ, որոնք նախընտրելի է, որ լինեն պետական կառավարվող անտառների մերձակայքում:

Այսպիսով, FORACCA-ն աջակցում է ազգային անտառային քաղաքականության իրականացմանը, մեծացնում է անտառների մշտադիտարկումը և օգնում է Հայաստանին կատարել իր միջազգային պարտավորությունները:

Կենտրոնանալով գիտելիքի հասանելիության վրա՝ ի շահ կոնկրետ քաղաքական բարեփոխումների և դրանց իրականացմանը տեղական մակարդակում, կխթանվեն կլիմայով պայմանավորված անտառների և արոտավայրերի արդյունավետ վերականգնումը, ինչպես նաև ագրոանտառային նորարարական նախաձեռնությունները: Այսպիսով, կբարելավվեն կենսաբազմազանությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ տեղական հարմարվողականության կարողությունները, կբարձրանան նաև CO2-ի սեկվեստրավորման ներքին կարողությունները: Ի վերջո, կենտրոնացնելով ուշադրությունը կայուն և ներառական անտառային քաղաքականության և կառավարման պրակտիկայի վրա՝ FORACCA-ն կնպաստի անտառային ռեսուրսներից կախում ունեցող և հաճախ մարգինալացված փոքր ֆերմերների կենսապահովման պայմանների բարելավմանը, հետևաբար նաև գյուղական աղքատության կրճատմանը:

Նմանատիպ նյութեր