211652_close_icon
views-count1800 դիտում article-date 11:17 24-09-2022

Իրանում բախումներն անվտանգության ուժերի և ցուցարարների միջև ուժգնանում են. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի ոստիկանական ծառայության բաժանմունքներից մեկում 22-ամյա մի կնոջ մահվան դեպքից հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն արձակել է հրազենային կրակ: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Իրանի գրեթե բոլոր 31 նահանգների քաղաքներում և ավաններում:

Բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է Իրանի ոստիկանությունը կրակում ցուցարարների ուղղությամբ չորեքշաբթի ուշ երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Բուքան քաղաքում:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել էին սեպտեմբերի 16-ին, երբ 22-ամյա Մահսա Ամինին, որին ձերբակալել էին Իրանի բարոյականության ոստիկանության աշխատակիցները՝ իր հիջաբը կամ գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար, մահացավ բանտում: Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ ցույցերի ընթացքում առնվազն 8 մարդ է զոհվել, թեև այդ թիվը կարող է ավելին լինել:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հինգշաբթի օրն ասել է. «Միակ պատճառը, որ այս երիտասարդ կինն այսօր չկա, դաժան ռեպրեսիաներն են, որոնք կիրառվում են այսպես կոչված բարոյականության ոստիկանության կողմից»:

Իրանցի կանայք սոցցանցերում այս օրերին տարածում են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են իրենց մազերը կտրում՝ ի նշան Ամինիի մահվան դեմ բողոքի:

Իրանում գործող օրենքները պահանջում են, որ հանրային վայրերում կանայք փակեն իրենց մազերը:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել Իրանի իշխանություններին հոգալ մարդու իրավունքների համար եւ հորդորել, որ իշխանություններն ապահովեն Իրանի հասարակության մեջ կանանց արժանի տեղը:

Ինչ վերաբերում է Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, Մենենդեսն ասել է, որ դիվանագիտությունը Թեհրանի հետ գործ ունենալու լավագույն միջոցն է:

«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ մնացած ազատ աշխարհը միանա մեզ այս հարցում»,- ասել է Մենենդեսը:

Սակայն աշխարհն առայժմ կենտրոնացած է Մահսա Ամինիի մահից հետո սկսված ու շարունակվող բողոքի ցույցերի վրա, որի ալիքը հասել է նաեւ Նյու Յորք:

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ Ամինին մահացել է սրտի կաթվածից, թեեւ հարազատները հայտարարում են, որ նա չի ունեցել առողջական որեւէ խնդիր:

Նմանատիպ նյութեր