211652_close_icon

Պետք է դադարենք մեր մեջ թշնամիներ փնտրելը, կարող ուժեր, մարդկանց գտնելն առավել կարևոր է. «Ապրելու երկիր»

views-count799 դիտում article-date 13:40 21-09-2022

31 տարի առաջ այս օրը՝ այստեղ, հայ ժողովուրդն իր հանրաքվեով հռչակեց Հայաստանի անկախությունը։ Պատմական այս օրն ամրագրված է որպես ազատություն տենչող և անկախության համար պայքարող հայ ժողովրդի կամարտահայտություն։ Այս մասին ասված է «Ապրելու երկիր» կուսակցության ՀՀ անկախության օրվա առթիվ տարածած ուղերձում:

«Այո՛, մենք ձեռք ենք բերել և պետք է պահպանենք մեր ճակատագիրը որոշելու, մեր անվտանգության, մեր ապահովության և մեր ներքին խնդիրները լուծելու վերաբերյալ որոշումներն ինքնուրույն կայացնելու հնարավորությունը։ Այսօր առավել քան երբևէ։

Հիմա, երբ թշնամին մեր տարածքում է և շարունակում է սպառնալ մեր անվտանգությանն ու անկախությանը՝ նորանոր պահանջներ ներկայացնելով, մենք պետք է մեզ հեռու պահենք պատրանքներից, զինվենք իմաստությամբ, սառնասրտությամբ և սեփական շահերն ու կարողությունները ճիշտ գնահատելու կարողությամբ։ Մենք պետք է դադարենք մեր մեջ թշնամիներ փնտրելը, կարող ուժեր, մարդկանց գտնելն առավել կարևոր է։

Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք, կարող ենք, երբ սթափ ենք և ավելի սառնասիրտ։ Մեր 31-ամյա անկախությունն այս պահին մեզնից յուրաքանչյուրի պաշտպանության կարիքն ունի՝ առանց բացառության։

Փառք մեր զինվորներին, որ քաջաբար ընկան մարտում և նրանց, որոնք պահում են սահմանն ու առաջնագիծը հիմա՝ չվախենալով թշնամու սպառնալիքներից։

Խաղաղություն մեր հայրենիքին, մեր ժողովրդին»,-ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր