211652_close_icon
views-count1477 դիտում article-date 22:57 28-04-2023

Կդիմենք բոլոր անհրաժեշտ միջոցներին՝ հայրենիքում ապրելու մեր իրավունքը պաշտպանելու համար. «Ապրելու երկիր»-ն առցանց ստորագրահավաք է նախաձեռնել

«Ապրելու երկիր» կուսակցությունը «Change.org» կայքում առցանց ստորագրահավաք է նախաձեռնել՝ պահանջելով դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։

Կից ներկայացված տեսքտում, մասնավորպես, նշվում է.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին

Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի

Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության կառավարության ղեկավարի

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եռակողմ հայտարարության (այսուհետ՝ Եռակողմ հայտարարություն) ստորագրումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել ու շարունակում է անպատիժ խախտել այդ փաստաթղթի մի շարք դրույթներ՝ սպանելով Արցախի Հանրապետության բնակիչներին, բռնազավթելով նոր տարածքներ, կրակելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող խաղաղ բնակիչների վրա, 2022թ. դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահելով Արցախը, իսկ ապրիլի 23-ին հսկիչ անցակետ դնելով Բերձորի (Լաչինի) միջանցքում՝ ամբողջությամբ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ:

Արցախում ներկայումս ոչ միայն լուրջ հումանիտար ճգնաժամ է, այլև Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ իրականացնում է էթնիկ զտման և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից զրկելու՝ ցեղասպանական քաղաքականություն:

Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը կոպտորեն խախտել է հետևյալ կետերը.

Առաջին կետի համաձայն՝ կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում և պետք է պահպանվեր ամբողջական հրադադարի ռեժիմը:

Սակայն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների հարձակումների արդյունքում Արցախի Հանրապետության Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ և Քարագլուխ բնակավայրերը Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանական զինված ուժերը բռնազավթեցին նաև այլ տարածքներ:

Փաստաթղթի 6-րդ կետով՝ «Լաչինի միջանցքը» (5 կմ լայնությամբ), ապահովելու էր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և գտնվելու էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակել է «Լաչինի միջանցքը», իսկ ապրիլի 23-ից միակողմանիորեն հսկիչ անցակետ տեղադրել այնտեղ՝ 120 հազար արցախահայությանը, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխաներին պահելով պատանդի վիճակում։

Փաստաթղթի 7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

Փաստաթղթի 8-րդ կետով իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է այս երկու կետերի իրականացմանը Եռակողմ հայտարարության ստորագրման առաջին իսկ օրվանից:

Ավելին, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2021թ-ի դեկտեմբերի 7-ին և 2023թ-ի փետրվարի 22-ին կայացրել է երկու միջանկյալ միջոց՝ պահանջելով Ադրբեջանից անհապաղ վերացնել միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Նման միջանկյալ որոշումներ կայացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020-2022թթ-ին։

Սակայն Ադրբեջանը մինչև օրս չի կատարում այս երկու դատական ատյանների որոշումները, թեև դրանք անհապաղ կատարման ակտեր են։

Մենք՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներս, սույն դիմում-պահանջով վերոնշյալ երկրների ղեկավարների և ողջ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության իրականացման, ինչպես նաև այդ նպատակով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա, և պահանջում ենք առանց հետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելով այդ փաստաթղթի կետերի, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումների կատարումը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք, Արցախի ողջ բնակչության անունից,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

Ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,
Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,
Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,
Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:
Եթե այս հանրային դիմում-պահանջի հրապարակումից հետո՝ 7 oրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, մենք ստիպված ենք լինելու դիմել բոլոր անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝ հայրենիքում ապրելու մեր իրավունքը, մեր երեխաների ապագան պաշտպանելու համար»:

Նմանատիպ նյութեր