211652_close_icon
views-count4744 դիտում article-date 11:37 14-09-2022

Մենք իրենց հանգիստ չենք թողնելու, գնալու ենք իրենց տները, գտնելու ենք իրենց հարազատներին. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, նրանց միացած քաղաքացիները Ազգային ժողովի դիմաց են՝  պատգամավորներից պահանջելով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին,  հայտնում է News.am-ը։

«Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը նշեց, որ մի քանի կամավորներով գիշերն անցկացրել են ԱԺ բակում՝ մուտքի մոտ։

«Մենք երեկ տեղեկացրել ենք, որ մեզ առավոտյան միանան քաղաքացիներ, որպեսզի հասարակական աջակցությամբ, հասարակական ճնշման ներքո հանդիպումներ ունենանք ԱԺ պատգամավորների հետ՝ առաջարկելու նրանց միանալու վարչապետի պաշտոնից Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, այսինքն՝ իրենք նախաձեռնեն նման գործընթաց, այդ իրավունքը ԱԺ-ին է  պատկանում»,- ասաց էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող ճանապարհները՝ նպատակ ունենալով խոչընդոտել քաղաքացիների մուտքն, ազատ երթևեկը  Դեմիրճյան փողոցով, հիմնականում պատգամավորները հենց այդ փողոցի վրայի մուտքից են մտնում ԱԺ տարածք։ Է. Ղազարյանի գնահատմամբ, սա ապօրինի, անհամարժեք միջամտություն է, որին կարող է դիմակայել միայն հանրային մեծ ուժը. «Սակայն ամեն բան կարող է փոխվել, եթե այստեղ գտնվողն մարդկանց թիվը շատ ավելի մեծ լինի: Դրա համար կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, միանալ այս բողոքի գործողությանը, որը կտա իր արդյունքը»:

Ղազարյանը նշեց, որ իրենք ՔՊ-ի պատգամավորներին ուզում են հանդիպել եւ իմանալ նրանց դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցի վերաբերյալ: Կարող է թվալ, թե հանգիստ մթնոլորտ է, մեր մարդկային կուտակումը շատ մեծ չի, բայց դա պետք է իրենց համար խաբուսիկ լինի: Մենք իրենց հանգիստ չենք թողնելու, գնալու ենք իրենց տները, գտնելու ենք իրենց հարազատներին, ընկերներին: Իրենք չեն կարող ամբողջ հանրությանը պահել անհանգստության մեջ, իսկ իրենք ապրեն հանգիստ կյանքով: Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է եւ դա լինելու է օրինական ճնապարհով»,-ասաց Ղազարյանը:

«Մեր հայրենիքը վտանգված է, այս վտանգի պահին մեր պետությունը  ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, որին մեկ րոպե շուտ իշխանությունից վռնդելը հաջողություն է, խաղաղության, պետության անվտանգության հնարավորություն է։ Մեր պայքարը դրան է  միտված։  Կարծում եմ՝ այդ պայքարում մեր կողքին ունենալու ենք հազարավոր մարդիկ»,- ասաց Է. Ղազարյանը։

Նմանատիպ նյութեր