211652_close_icon
views-count1338 դիտում article-date 19:12 24-08-2022

Երևանում կկայանա «Ձյունե թագուհին» սառցե ներկայացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում օգոստոսի 26-ին և 27-ին կներկայացվի «Ձյունե թագուհին» սառցե շոուն: Այժմ նախապատրաստական վերջին աշխատանքներն են, փորձերը: Դերերում համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդներ են՝ տարբեր երկրներից, նաև մարզիկներ՝ Հայաստանից:

«Միջազգային կարգի մեծ շոու ծրագիր է նախատեսված։ Կլինեն նաև կրկեսային հնարքներ, գեղասահորդների կողմից բարդ ցատկեր, նաև պարային համարներ՝ սառույցի վրա։ Այս ամենն արվում է, որ ներկայացումն ավելի իրական լինի, և գտնվենք իրական հեքիաթում»,-ասում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ Գեղամ Վարդանյանը:

Կայի ու Գերդայի ընկերության, խիզախության անդերսենյան պատմությունը սառույցի վրա կներկայացվի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի երաժշտությամբ:

«Այսպիսի հրաշալի երաժշտության ներքո հանդես գալը միայն հաճույք է։ Ամեն ինչ լինելու է շատ գունեղ և հեքիաթային»,-ասում է աշխարհի կրկնակի չեմպիոն Ալբենա Դենկովան:
«Կայի դերում լինելու եմ ձյունե թագուհու ազդեցության տակ։ Ինձ հերոսաբար կփրկի իմ ընկերը՝ Գերդան։ Մեր կյանքոմ այսօր հեքիաթները պակասում են, մարդիկ, տեսնելով ներկայացումը, հուսով ենք՝ մի փոքր կզգան այդ հեքիաթը»,- ասում է Հայաստանի գեղասահքի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն Սեմյոն Դանիլյանցը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող մեծամասշտաբ նախագիծը հագեցած կլինի լուսային և ձայնային ձևավորմամբ: Հատուկ այդ նպատակով դեկորացիաների, հագուստների մեծ մասը բերվել է արտերկրից:

«Պտտվող բեմ, շարժվող կառքեր. ներկայացումը հագեցած է տեխնիկական տարբեր հնարավորություններով: Իսկապես մասշտաբային ծրագիր է լինելու»,- նշում է աշխարհի կրկնակի չեմպիոն Մաքսիմ Ստավիսկին:

«Շոուն միանգամայն ցնցող է լինելու։ Կարծում եմ՝ սա հետաքրքիր համադրություն է թատրոնի, գեղասահքի և ակրոբատիկայի»,- նշում է ակրոբատ Կատարժինա Ֆլորչուկը:
«Դիտարժան միջոցառում է, որն իր մասշտաբներով առաջին անգամ է Հայաստանում։ Մասնակիցները լիենելու են աշխարհի լավագույն գեղասահորդները։ Սա բավական լուրջ խթան է՝ գեղասահք մարզաձևը տարածելու համար»,-ասում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի մարզիչ Էլեն Համբարձումյանը:

Ներկայացման օրը Ձյունե թագուհին թելադրելու է իր եղանակը: Կազմակերպիչները խորհուրդ են տալիս ներկայացմանը գալ տաք հագուստով։

 Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի լրատվության
 վարչություն

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր