211652_close_icon
views-count2224 դիտում article-date 14:22 24-08-2022

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր 6.8 տոկոս բաժնեմասի կառավարումը հանձնեց ԱՆԻՖ-ին

Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 6.8 տոկոս բաժնեմասի կառավարումը հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը (ԱՆԻՖ):

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց  Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը: Նա նշեց, որ բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով՝ առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել ԱՆԻՖ-ին՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։

«ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատիրոջ, արդյունավետ ներկայացուցչությունն է»,- ասաց Բադալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 30-ին Կառավարությունը ստացավ 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից նվիրատվություն և այն ժամանակ Կառավարությունը այդ բաժնեմասի կառավարումը հանձնեց ԱՆԻՖ-ին:

«Հիմա 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս: Այն ժամանակ այդ նվիրատվությունը ընդունել ենք գաղտնի որոշմամբ: Ինչու՞, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ գաղտնի պահվի: Հիմա իրենց համար գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,- ասաց Վաարչապետը:

Նմանատիպ նյութեր