Ուեյսն Բոլթը ցանկանում է արտոնագրել այն դիրքը, երբ հաջողություններ է տոնել մրցասպարեզներում։
Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրային և ապրանքանիշերի գրասենյակին: Նա ցանկանում է գրանցել այն դիրքը, երբ հաջողություններ է տոնել մրցասպարեզներում։
Հաղթանակներից հետո ճամայկացին ետ է թեքվել, ուղղել ձախ թևը, ծալել աջ ձեռքի արմունկը և մատներով ցույց տվել երկինքը։
Բոլթը մտադիր է իր ֆիրմային պատկերն օգտագործել հագուստի, կոշիկի և զարդերի վրա, ինչպես նաև ռեստորաններում և սպորտային բարերում։
«Նրա հաղթական ժեստի ուրվագիծը կճանաչվի ամբողջ աշխարհում: Ապրանքանիշի գրանցումը թույլ կտա մարզիկին առաջարկել հայտում նշված ապրանքները կամ ապրանքանիշի լիցենզավորման օգտագործման իրավունքը՝ երրորդ անձանց»: Այս մասին BBC-ին ասել է ապրանքանիշերի մասնագետ Ջոշ Գերբենը:
Բոլթը 36 տարեկան է, արագավազորդ, ութ անգամ նվաճել է օլիմպիական, 11 անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը և 2017թ. աշխարհի առաջնությունից հետո, հրաժեշտ է տվել գործուն սպորտին: