211652_close_icon
views-count1659 դիտում article-date 11:32 30-07-2022

Բաքվի կրակոցների պատճառները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նախկինում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտում էր կա՛մ ՀՀ սահմանին, կա՛մ Արցախի շփման գծում, իսկ հուլիսի 28-ին առաջին անգամ դա արեց միաժամանակ երկու ուղղությամբ էլ: Հայտնի փաստ է, որ պաշտոնական Բաքուն նման սադրանքներով է պատասխանում Արցախի հիմնահարցի շուրջ իրեն ոչ ձեռնտու քաղաքական զարգացումների դեպքում կամ տարածաշրջանային խնդրով կարեւորագույն հանդիպումների նախօրեին՝ հիշեցնելով իր մասին:

Հուլիսի 28-ին կրակելու համար Ադրբեջանը երկու առիթն էլ ուներ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետի հետ, որին հաջորդել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հերթական հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պատրաստ է Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ, եւ որ իր այդ առաջարկը մնում է բաց:

Դեսպանի հայտարարությունը, դիվանագիտական լեզվի առումով, կոշտ պատասխան էր Ադրբեջանի առաջնորդին, որը չի դադարում կրկնել, որ Մինսկի խումբն անելիք չունի, քանի որ Արցախի հարցը «լուծված» է: Իր շահերին հակասող նման հայտարարություններին Ադրբեջանը սովորության համաձայն արձագանքում է կրակոցներով, ինչն էլ իրեն սպասեցնել չտվեց՝ այս դեպքում արդեն գերտերություններին սպառնալով տարածաշրջանի ապակայունացմամբ, որը ձեռնտու չէ Ուկրաինայի ճգնաժամի վրա ուշադրությունը սեւեռած ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, առավել եւս՝ ՌԴ-ին, որի խաղաղապահներն են կանգնած Արցախում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր