211652_close_icon
views-count3502 դիտում article-date 10:57 08-06-2022

Դոլարի անկման տնտեսական ու քաղաքական պատճառները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամը վերջին շրջանում արագորեն արժեւորվում է։ Պատճառները միայն տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական գործոններով են պայմանավորված։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանին։

-Պարո՛ն Սարգսյան, արդյոք դրամի արժեւորումը գերարժեւորում չէ՞։

-Նախ պետք է նշեմ, որ դրամի փոխարժեքն արժութային շուկայում ձեւավորվում է վերջինիս նկատմամբ պահանջարկի եւ առկա առաջարկի ծավալների հարաբերակցության արդյունքում: Կենտրոնական բանկը պարզապես հրապարակում է օրվա ընթացքում ձեւավորված շուկայի միջին փոխարժեքները: Կենտրոնական բանկը, բացառությամբ այն դեպքերի, երբ արտարժույթի կտրուկ տատանումները կարող են սպառնալ ֆինանսական կայունությանը, չի միջամտում փոխարժեքների ձեւավորմանն անմիջականորեն: Իսկ նման ծայրահեղ դեպքերում վերջինս արժութային ինտերվենցիաների միջոցով փորձում է կարգավորել իրավիճակը եւ վերադարձնել փոխարժեքները կառավարելի միջակայք:

ԿԲ-ի գլխավոր խնդիրը գների կայունության ապահովումն է, մնացած խնդիրներն ածանցվում են դրանից: ԿԲ-ն դրամի փոխարժեքի նպատակային շեմ չի սահմանում: Փոխարժեքի լավ կամ վատ լինելը խիստ հարաբերական է: Եթե առկա տնտեսական հարաբերությունների պարագայում դրամի պահանջարկը մեծացել է այլ արժույթների նկատմամբ, ուրեմն նորմալ կարող ենք համարել դրամի արժեւորումը: Օրինակ՝ հարկային վճարումների ժամանակահատվածում, երբ խոշոր հարկ վճարողները, որոնք հիմնականում արտահանողներ են եւ եկամուտներն արտարժույթով են ստանում, պետք է որոշակի քանակով արտարժույթ վաճառեն, որպեսզի կարողանան վճարել իրենց հարկային պարտավորությունները։ Եվ, հետեւաբար, այդ շրջանում կարող է նաեւ փոխարժեքի տեսանելի տատանումներ լինել: Դա բնական է, այսինքն՝ որոշակի պահի դրությամբ  արտարժույթի ներհոսք է լինում շուկա, եւ, բնականաբար, դրամի նկատմամբ պահանջարկը մեծանում է:

Ինչ վերաբերում է այս պահին դրամի գերարժեւորմանը, ապա չեմ կարծում, որ այս փոխարժեքը գերարժեւորված է, քանի որ արտացոլում է առկա տնտեսական հարաբերությունները եւ ածանցվում է բազմաթիվ օբյեկտիվ գործոնների ազդեցությունից: Տվյալ պարագայում ռուս-ուկրաինական պատերազմից ածանցվող մի շարք գործոններ անմիջական ազդեցություն են ունեցել արժութային շուկայի իրավիճակի ձեւավորման վրա, այդ թվում՝ դրամի արժեւորման: Մասնավորապես՝ պատերազմի մեկնարկից հետո Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ եղած արտարժույթը պետք է փոխանակեին դրամի, որպեսզի կարողանային Հայաստանում գործարքներ իրականացնել կամ պարզապես ծախսել: Դրա արդյունքում դրամի պահանջարկը կտրուկ աճել է վերջին շրջանում, քանի որ խոսքը շուրջ 250-300 հազար զբոսաշրջիկների մասին է, ինչը մեր բնակչության շուրջ 10 տոկոսն է: Եվ այս հանգամանքը այլ հավասար պայմաններում պետք է նպաստեր դրամի զգալի արժեւորմանը: Իհարկե, սա գործոններից ընդամենը մեկն է:

Մյուս գործոնը Ռուսաստանի արժութային շուկայում արեւմտյան երկրների պատժամիջոցների եւ, դրան ի պատասխան, Ռուսաստանի բանկի ձեռնարկած կարգավորող միջոցառումների հետեւանքով կուտակված հսկայածավալ արտարժութային պաշարներն են, որոնք արեւմտյան երկրներից ներմուծման բացակայության պայմաններում փաստացի այլ կիրառելիություն գրեթե չունեն: Միաժամանակ, ինչպես բազմիցս հայտարարվել է, թե ԵԱՏՄ շրջանակում եւ թե երրորդ երկրների հետ առեւտուրն իրականացվելու է ազգային արժույթներով, ինչը միանշանակ նպաստում է ռուբլու արժեւորմանը:

Բացի այդ, ռուսական էներգակիրների, մասնավորապես՝ գազի մատակարարումների դիմաց Ռուսաստանի կողմից ԵՄ անդամ երկրներին ռուբլիով վճարելու պահանջը եւ դրան կարծես թե որոշ երկրների համաձայնությունը նույնպես ռուբլու արժեւորմանը նպաստող գործոն են: Բացի վերոգրյալից, թե ԱՄՆ եւ թե ԵՄ մոնետար (դրամավարկային կարգավորում իրականացնող) մարմինների մեղմ դրամավարկային քաղաքականությունները, չափազանց ցածր տոկոսադրույքները եւ Քովիդ-19-ի հաղթահարման նպատակով աննախադեպ իրացվելիության ներարկումները տնտեսության մեջ չէին կարող չանդրադառնալ այդ երկրների արժույթների փոխարժեքների վրա: Իսկ եթե դրան հավելենք նաեւ ռուս-ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո ձեւավորված բարձր գնաճային միջավայրը, ապա միանգամայն պարզ է դառնում, թե դա ինչպես է անդրադառնում նաեւ փոխարժեքների վրա»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր