211652_close_icon

Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

views-count859 դիտում article-date 12:15 16-07-2022
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Արարատ Միրզոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումն ու պաշտոնական փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի:

Ընդգծվել է տնտեսական համագործակցության ամրապնդման համար համապատասխան քայլերի իրականացման նշանակությունը և կարևորվել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր