211652_close_icon
views-count2176 դիտում article-date 10:01 13-07-2022

Երբ ռազմավարական դաշնակիցդ քեզ դաշնակից չէ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այսօր արդեն միանշանակ է, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն էական ազդեցություն են թողնում ոչ միայն ՌԴ-ի, այլեւ պատժամիջոցներին միացած երկրների տնտեսությունների վրա: Հատկապես տուժում են եվրոպական երկրները, որոնք մեծապես կախված են ռուսական էներգակիրներից: Պատժամիջոցների հետեւանքներն առաջին հերթին արտահայտվում են համատարած գնաճով եւ պարենի անբավարարությամբ:

Հին աշխարհամասում վիճակը կսրվի ձմռանը, երբ ռուսական գազի եւ նավթի գնման էմբարգոյի հետեւանքով շուկայում ստեղծված պակասն իրեն առավել զգացնել կտա: Արդեն ամռան այս օրերին եվրոպական որոշ երկրներ անցել են էլէկտրաէներգիայի խնայողությունների տարբեր միջոցառումների, իսկ ԱՄՆ-ում գրեթե կրկնակի թանկացել է բենզինը:

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների գործիքը ոչ միայն պետությունների հետ տնտեսական հարաբերություններ կառուցելու կողմնորոշիչ է, այլեւ՝ աշխարհաքաղաքականության: Այն երկրներին ստիպում է կողմնորոշվել արտաքին քաղաքականություն վարելու ուղղությունների հարցում: Հատկապես ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն վերջին շրջանում իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են այս պատժամիջոցների գործոնի հիման վրա:

Օրերս Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) եւ ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն (BIS) հրապարակել էր այն երկրների ցանկը, որոնց տարածքով պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները կարող են հասնել Ռուսաստան եւ Բելառուս: Այդ երկրներն են Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ուզբեկստանը։

Այստեղ աչքի է զարնում այն փաստը, որ ՌԴ-ին սահմանակից պետություններից այդ ցանկում բացակայում է, թերեւս, միայն Ադրբեջանը: Ստացվում է, որ ուկրաինական ճգնաժամից ընդամենը երկու օր առաջ՝ փետրվարի 22-ին ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր ստորագրած Բաքուն անվերապահորեն միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Այստեղ հատկանշական է արձանագրելը, որ նույնիսկ ՌԴ-ի հետ Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի նման հիմնարար խնդիրներ ունեցող Վրաստանը չի միացել պատժամիջոցներին, իսկ Բաքուն, այդ հարցում իր կողմնորոշման վերաբերյալ ձայն չհանելով հանդերձ, միացել է իր «ռազմավարական» գործընկերոջ դեմ պատժամիջոցներին»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր