211652_close_icon
views-count843 դիտում article-date 10:01 12-07-2022

ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումների կարիք ունի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Անցած շաբաթ ՄԱԿ-ը բարեփոխելու կոչով հանդես էր եկել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը՝ քննադատելով կառույցին Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դադարեցնելու ձախողման համար։ Ելույթ ունենալով Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Լոուի վերլուծական ինստիտուտում, կառավարության ղեկավարը նշել էր, որ ՄԱԿ-ի բարեփոխմամբ հնարավորություն կստեղծվի հակամարտության դեպքում հույս չդնել «յուրաքանչյուր առանձին երկրի արձագանքի եւ պատժամիջոցների վրա»:

Դեռեւս մայիսին «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել էին, որ հավատարիմ են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխումներին, ինչպես նաեւ անհանգստացած են Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի դիրքի «չարաշահմամբ»՝ նկատի ունենալով վետոյի իրավունքի կիրառումը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխումները պաշտպանել են պաշտոնական Տոկիոն, BRICS-ի երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավային Աֆրիկյան Հանրապետությունը։ Չինաստանը եւ Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, հաստատում են Բրազիլիայի, Հնդկաստանի եւ Հարավային Աֆրիկայի ցանկությունը «ՄԱԿ-ում ավելի կարեւոր դեր խաղալու»: Ռուսաստանը աջակցում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի աշխատանքի քննարկմանը, սակայն պնդում է մշտական անդամների համար վետոյի իրավունքի պահպանման անհրաժեշտությունը։

Ամփոփելով նշենք, որ թեեւ այսօր ՄԱԿ-ի բոլոր անդամները կիսում են այն կարծիքը, որ անհրաժեշտ է բարեփոխել Անվտանգության խորհուրդը՝ այն ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն առայժմ չկա տարբերակ, որը կհամապատասխանի անդամ երկրների ճնշող մեծամասնության պատկերացումներին։ Հասկանալի է, որ ուկրաինական պատերազմի համատեքստում փորձ է արվում նվազեցնել Ռուսաստանի դերը մասնավորապես ԱԽ-ում, սակայն կտրուկ շրջադարձը կարող է խնդրահարույց լինել ոչ միայն կազմակերպության, այլեւ անդամ երկրների համար առանձին վերցրած։

Հիմնական մտահոգությունները վերաբերում են նրան, որ եթե աշխարհը գնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարեփոխման ճանապարհով, ապա միջազգային անվտանգության գործող համակարգը կփլուզվի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր