211652_close_icon
views-count855 դիտում article-date 17:14 09-07-2022

Հուլիսի 10-18-ը Հայաստանում կանցկացվի Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան

Հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսները ներկայացրել են օլիմպիադայի ծրագիրը, ընթացակարգը, հաստատված օրակարգը և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:

Օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառման համակարգումն իրականացնում են Երևանի պետական համալսարանը և Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն:

Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2022 թվականի հուլիսի 10-ին:

Այլ մանրամասներ՝ նախարարության պաշտոնական կայքէջում:

Նմանատիպ նյութեր