211652_close_icon

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները կառուցվող թաղամասում հետևել են հանրային ծառայողների համար նախատեսված շենքային համալիրի շինարարությանը

views-count1172 դիտում article-date 18:12 20-06-2022
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվող շենքային համալիրների շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներն այցելել են Երևանի Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամաս:

Այն բաղկացած է բազմաբնակարան բնակելի 11 մասնաշենքից, որոնցից յոթը նախատեսված է պետական ծրագրով: Այցի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչներն արձանագրել են, որ մոտ 80%-ով ավարտված է ստորգետնյա երկհարկանի ավտոկայանատեղիների հիմնակմախքի կառուցումը, 75%-ով ավարտված են պետական ծրագրով նախատեսված 7 մասնաշենքերի, իսկ 55%-ով՝ բնակելի ամբողջ համալիրի երկաթբետոնե հիմնակմախքի կառուցման աշխատանքները:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Կատարվում են միջնապատերի կառուցման և շենքերի երեսպատման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների շրջայցերը և բնակելի շենքային համալիրի դիտարկումները կրում են պարբերական բնույթ:

«Կոմիտաս Պարկ» բազմաբնակարան շենքային համալիրը հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվում է պետական համակարգմամբ՝ բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:

Համալիրում նախատեսված 478 բնակարանների և ավոտակայանատեղիների բաշխումն առաջին փուլով արդեն իրականացվել է: Շինարարական աշխատանքների ավարտը և բնակարանների հանձնումը նախատեսված են 2024թ. երկրորդ կիսամյակում:

Առաջիկայում «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամասում մեկնարկելու է նաև պետական ծրագրի երկրորդ փուլը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ներկա պահին դեռ շրջանառվում է: Ի դեպ, երկրորդ փուլով նախատեսվող շենքային համալիրների կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր