211652_close_icon
views-count1524 դիտում article-date 10:41 09-06-2022

Կյանքը չափից դուրս կարճ է՝ փոխադարձ խայթոցների վրա ժամանակ ծախսելու համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Լոս-Անջելեսում Սփյուռքի գլխավոր գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպը, երբ տեղի հայերը տապալեցին հանդիպումը, շատերի մոտ հրճվանք առաջացրեց: Ինձ նման տեսարանները չեն ուրախացնում: Ես չէի ուրախանում նաեւ այն ժամանակ, երբ այդ ձեւով էին Սփյուռքում ընդունում Հայաստանի երրորդ նախագահին կամ ներկա եւ նախկին որեւէ պաշտոնյայի:

Իհարկե, մեր հայրենակիցները կարող են իրենց տեսակետն ունենալ Հայաստանի իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության մասին: Այն փաստարկը, թե «եկեք Հայաստանում ապրեք, նոր խոսեք», ինձ այսօր անխոցելի չի թվում. ամեն մեկն ինքն է ընտրում իր բնակության վայրը, եւ եթե, այնուամենայնիվ, շարունակում են իրենց նույնականացնել հայ ազգի հետ, դա արդեն իսկ վատ չէ: Պարզապես վստահ չեմ, որ բուռն բողոքի այս ձեւը որեւէ օգուտ է բերում իրենց, հուսով եմ, սիրելի հայրենիքին: Նույն մեղադրանքները կարելի է հնչեցնել առանց սկանդալների եւ տհաճ տեսարանների: Դրանք ոչ միայն խորացնում են մեր ազգի բաժանարար գծերը, այլեւ ի ցույց են դրանք աշխարհին:

Ինձ համար, ճիշտն ասած, շատ ավելի ցանկալի կլիներ, որ մեր հայրենակիցները ցույցեր անեին Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցչությունների առջեւ՝ մի կողմ դնելով մեր ներքին տարաձայնությունները:

Մեր պաշտոնյաներն էլ, բնականաբար, պետք է իրենց զուսպ պահեն: Նույն Զարեհ Սինանյանը, երբ արդեն պաշտոնյա էր, պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցի հարցին, սկսեց խոսել ոչ թե հարցի, այլ այդ լրատվամիջոցի «տերերի» մասին: Արեւմուտքում, որքան հասկանում եմ, այնքան էլ ընդունված չէ նման ձեւով շփվել լրագրողների հետ: Առողջապահության նախարարը պարտավոր չէ արդարացնել ոստիկանների վայրագությունները:  (Իսկ պատգաավորներն իրավունք չունեն նրա աշխատասենյակում «դեբոշ» սարքելու): ՀՌՀ նախագահը (որի պաշտոնն, ի դեպ, իրավաբանական լեզվով կոչվում է «ինքնավար» եւ ենթադրում է քաղաքական զսպվածություն), կարծում եմ, իրավասություն չունի որոշելու, թե ո՛ր փողերն են գողացած, իսկ որոնք՝ ազնիվ ու մաքուր: 

Մի խոսքով, կրքեր բորբոքելը երկկողմանի գործընթաց է, եւ նրանք, ում կողմն է ուժը, մասնավորապես, ոստիկանական զորքերը, պետք է, կարծում եմ, ցույց տան իրավական, քաղաքակիրթ մտածելակերպի օրինակ: Մնացածները նույնպես, ինձ թվում է, ցանկալի է լինեն հնարավորինս չափավոր: Լրատվամիջոցներն ու լրագրողները՝ այդ թվում: Կյանքը չափից դուրս կարճ է՝ փոխադարձ խայթոցների վրա ժամանակ ծախսելու համար: Ոչ էլ մեր հայրենիքն է փայլուն վիճակում»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։
 

Նմանատիպ նյութեր