211652_close_icon
views-count50707 դիտում article-date 16:21 24-05-2026

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Գյումրիում կարծես թե սայլը տեղից շարժվում է․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից սկսվել են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն մի քանի օր է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից սկսվել է Գյումրի քաղաքում որոշ ճանապարհների հիմնանորոգման, որոշ ճանապարհների էլ ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հսկողությամբ արդեն աշխատանքները սկսվել են Գյումրիի Վահան Տերյան փողոցում՝ դեռ խորհրդային տարիներին կառուցված, քաղաքի սկզբնամասում գտնվող կամրջի հարևանությամբ։Այդ հատվածում, երբ եղանակը անձրևային էր լինում կամ ձնհալ էր սկսվում, շատ դեպքերում կամրջի այդ հատվածը, ինչպես կես կատակ ու կես լուրջ ասում են գյումրեցիները՝ վերածվում էր «Գյումրվա Վենետիկի»։

Անգամ եղել են մի քանի դեպքեր, երբ ավտոմեքենաները, ինչպես նաև սառցաբեկորները մնացել են կամրջի տակ, մինչև ժամանել են Գյումրիի փրկարարները և քաղաքացիների օգնությամբ դուրս բերել դրանք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը ոչ միայն հիմնանորոգելու է այդ հատվածը, այլ մինչ այդ փոխելու են կոյուղատար և ջրահեռացման խողովակները, քանի որ դրանք արդեն իրենց դարն ապրել են։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյումրեցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մի քանի օր է տեսնում ենք, որ սկսել են էս հատվածը կապիտալ վերանորոգել, ավելի ճիշտ՝ ոչ թե վերանորոգում են, այլ հիմնանորոգում են, ինչի համար շատ գոհ ենք։

Գիտենք, որ կառավարությունը խոշոր չափի գումար է հատկացրել, իսկ աշխատանքների վերահսկողությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ, դրվել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի վրա։

Մնում է ոչ միայն այս հատվածը, այլ ամբողջ Գյումրին փրկեն փոսերից, այդ թվում՝ մարդաբոյ։

Բայց ուզում ենք նաև խնդրանքով դիմել, որ ոչ միայն գլխավոր ճանապարհները, այլ նաև բակային հատվածներն ասֆալտապատեն, ու մինչ ասֆալտ փռելը ջրախողովակներն ու կոյուղատարները փոխեն, թե չէ 30 տարուց ավելի ասֆալտը անում են, մի որոշ ժամանակ հետո կոյուղատարները տրաքում են, ու էդ արած աշխատանքը հոդս է ցնդում»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝  Հանրապետությունում չկա մի մարզ, մի քաղաք, գյուղ և ավան, որտեղ փոսերը, այդ թվում՝ «մարդաբոյ», անհարմարություններ չստեղծեն վարորդների և հետիոտների համար։

Փետրվարի 28-ին, ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի-Երևան ավտոճանապարհը վերջին տարիներին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ամբողջությամբ կարելի է ասել դարձել է ավելի ապահով ու ավելի անվտանգ։ Կառուցվել են պաշտպանիչ պատեր, տեղադրվել են երկաթե արգելապատնեշներ, բնակավայրեր մտնող կամուրջներ, շատ տեղերում էլ տեղադրվել է արտաքին լուսավորություն, ու գրեթե այդ ամենի շնորհիվ էր, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին գրեթե չես հանդիպի փոսերի ու խոչընդոտների, ինչը ավտոմեքենաներ էր վնասում․ վարորդները կոտրում էին ավտոմեքենաների անվահեծանները, պայթում էին անվադողեր։

Գյումրին նույնպես չի զիջում Երևանին իր փոսերով, ինչի պատճառով էլ շատ հաճախ նույն վնասները կրում էին գյումրեցիները, Գյումրի այցելող վարորդները, ինչպես նաև հանրապետության ցանկացած մարզ, որտեղ առկա են նմանատիպ փոսեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, որպեսզի կառավարությունը առաջիկայում ֆինանսական միջոցներ հատկացնի Շիրակի մարզպետարանին ու Գյումրու քաղաքապետարանին, որպեսզի Գյումրիում գոնե 80 տոկոս ճանապարհները ոչ թե կարկատեն ասֆալտով, այլ ամբողջությամբ ասֆալտապատվեն։ Սակայն որոշ փողոցներ կառավարության միջնորդությամբ դեռ չեն ասֆալտապատվելու, քանի որ այդ փողոցներում «Վեոլիա ջուրը» պետք է անցկացնի նոր կոյուղատարեր, ջրատար խողովակներ, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը օդային էլեկտրալարերը պետք է անցկացնի գետնի տակով, ու երբ կավարտեն աշխատանքները այդ երկու կառույցները, Գյումրիում ճանապարհները հիմնովին կասֆալտապատվեն։

SHAMSHYAN.com-ը արդեն տևական ժամանակ էր՝ հեռախոսազանգեր էր ստանում գյումրեցիներից, ովքեր խնդրում էին գոնե Գյումրի մտնող ճանապարհները արագ ասֆալտապատեն, այդ թվում Տերյան փողոցը, որտեղ երբ եղանակը անձրևում էր, նույնիսկ սելավատարերն էին խցանվում։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր