«Դյուցազնագիրք» ասոցիացիայի կողմից ԱԻ նախարարին շնորհակալագիր է շնորհվել՝ բազմակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանի նվաճումների կազմակերպման գործընթացին նպաստելու համար
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա ՀԿ-ի կողմից Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին հունիսի 8-ին շնորհվել է շնորհակալագիր՝ դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանի նվաճումների կազմակերպման գործընթացին հնարավորինս նպաստելու համար:
Զորիկ Պողոսյանն ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար է: Նա մայիսի 27-ին սահմանել էր «Գինեսի» նոր ռեկորդ։ Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած 1 մ 90 սմ կքանստած քայլել է, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա թվով արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր:
Նախարար Արմեն Փամբուխչյանին շնորհակալագիրը հանձնել է հենց Զորիկ Պողոսյանը: Հանդիպման ընթացքում գերատեսչության ղեկավարը ռեկորդակիր հրշեջ-փրկարարի հետ խոսել է մարզական ձեռքբերումների վերաբերյալ, հետաքրքրվել ծառայության պայմաններով: Զորիկ Պողոսյանը նախարարին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին՝ ԱԻՆ աշխատակցի օրը, գերատեսչության տարածքում նախատեսում է կրկին ռեկորդ սահմանել:
Հանդիպման վերջում նախարարը ռեկորդակրին հաջողություն է մաղթել և վստահեցրել, որ իր ուժերի սահմաններում կշարունակի նպաստել նորանոր նվաճումների կազմակերպման գործընթացին: