Այսօր ջրբաժան էր, պայքարը շարունակվելու է․ ընդդիմության վաղվա ծրագրերը
Tert.am-ը գրում է. Վաղը՝ հունիսի 4-ին, ժամը 19-ին հանրահավաք է կայանալու Ֆրանսիայի հրապարակում։ Այսօր ջրբաժան էր նրանց համար, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, ուզում են ունենալ պետականություն, ուզում են ունենալ հայրենիք, ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գալ, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, դա հերթական անգամ փաստեցին այսօր տեղի ունեցած իրադարձությունները, ԱԺ-ում հայկական օրակարգը իշխող խմբակցության կողմից չպաշտպանելը։
Ինչ վերաբերում է Դեմիրճյան փողոցում կատարվածին, ապա դա, Իշխան Սաղաթելյանի խոսքով, Փաշինյանի հայտարարած պատերազմն է՝ ժողովրդի դեմ։
«Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին։
Ուրեմն լսիր, արա՛․ մենք ընդունում ենք քո մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելու»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ պայքարը շարունակվելու է։