211652_close_icon
views-count2041 դիտում article-date 10:13 31-05-2022

Գնաճը խնդրահարույց է էներգակիրների ու պարենային շուկաներում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Համաշխարհային տնտեսությունը հատկապես վերջին շրջանում շատ բարդ խնդիրների է բախվում։ Համավարակի շարունակվող բռնկումների (օրինակ՝ Չինաստանում) և Ուկրաինայում ռազմական էսկալացիայի պատճառով մի շարք ուղղություններով ճգնաժամային իրավիճակն ավելի է խորանում։ Առաջին հերթին խաթարվել է գլոբալ մատակարարումների շղթան, դրան էլ գումարվել է հումքային մատակարարումների գործում էական դերակատարություն ունեցող Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը, որը մի շարք ապրանքների դեֆիցիտի կամ գների կտրուկ բարձրացման է հանգեցրել։

Միևնույն ժամանակ, գնաճը հատկապես խնդրահարույց է էներգակիրների ու պարենային շուկաներում, ինչը լուրջ ազդեցություն է ունենում համընդհանուր տնտեսական ցիկլերի վրա։ Եվ պատահական չէ, որ այսպիսի պայմաններում միջազգային կառույցները իջեցնում են այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները և նույնիսկ գլոբալ ռեցեսիա կանխատեսում։ Մյուս կողմից էլ՝ մի շարք երկրների համար լուրջ խնդիր է դարձել արտաքին պարտքի սպասարկումը։ Օրինակ՝ վերջերս Շրի Լանկան արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարեց։ Դեֆոլտի վտանգի առաջ են կանգնած նաև մի քանի տասնյակ զարգացող երկրներ, որտեղ հանրային դժգոհությունները թափ են հավաքում, տեղի են ունենում բողոքի ակցիաներ։

Զուգահեռ՝ գնահատականներ են հնչում այն մասին, որ միլիոնավոր մարդիկ ծայրահեղ աղքատության և սովի կարող են մատնվել։ Անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հատուկ նախազգուշացրել է, որ շատ երկրներ մի քանի տարով կարող են սովի մատնվել, եթե այսօր միջազգային համայնքը քայլեր չձեռնարկի պարենային ճգնաժամը կանխելու համար: Բնականաբար, համաշխարհային տնտեսության մեջ նկատվող միտումները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև Հայաստանի տնտեսության վրա:

Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերները ստեղծում են Ռուսաստանի դեմ սահմանված աննախադեպ պատժամիջոցները, որոնք ռուսական տնտեսության համար հանգեցնելու են հետընթացի ու անկումային դինամիկայի, ինչի ազդեցությամբ գործընկեր երկրների տնտեսական աճը դանդաղելու է։ Իսկ էներգակիրների և պարենային ապրանքների միջազգային շուկաներում առկա զարգացումները մեր շուկայի համար էլ ավելի են մեծացնելու գնաճային սպասումները։ Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի պատկեր ենք ունենալու առաջիկայում, եթե արդեն հիմա քաղաքացիները յուրաքանչյուր անգամ խանութ մտնելուց հետո, տեսնելով անընդհատ թանկացումները, ուղղակի զարմանքից քար են կտրում։ Այսպիսի իրավիճակում ԿԲ-ի կանխատեսումները, թե 2022 թվականի ավարտին 12-ամսյա գնաճը կանխատեսվում է շուրջ 7 %, շատ մեղմ են հնչում։

Սակայն, եթե մեր տնտեսության մեջ որոշակի կայունություն է նկատվում, ապա դա կատարվում է միայն արտաքին պարտքի հաշվին։ Պետական պարտքն արդեն տևական ժամանակ անցել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը։ Միայն 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը պետական պարտքն ավելացրել է գրեթե 131 մլն դոլարով՝ հասնելով մինչև 9 մլրդ 356,6 մլն դոլարի կամ 4 տրլն 569,3 մլրդ դրամի: Միևնույն ժամանակ, երկրում չկան խոստացված ներդրումների հոսքերը, եթե ինչ-որ ոլորտներում էլ արտադրություն կա, ապա այն չնչին է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր