211652_close_icon
views-count150722 դիտում article-date 21:40 28-05-2022

Արտակարգ դեպք Տավուշում. Դիլիջանում ոստիկանները, փրկարարները, բժիշկները ավելի քան 5 ժամ որոնում են 29-ամյա տղային, ով ընկերուհու հետ բարձրացել էր Հաղարծինի «Թաքնված ջրվեժ». նա տեսել է, ինչպես է ընկերուհին սայթաքել ու ընկել ջրվեժը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 հրշեջ-փրկարար, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, վարչության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց միացած «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի աշխատակիցները, Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն:
 
Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին:
 
Օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Աննա Խ.-ին, այնուհետև միացել փրկարարներին և ոստիկաններին, և ոտքով մոտ 3 կմ շարունակել են Վահան Ս.-ի որոնողական աշխատանքները:
 
Երեք ուղղություններով որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնք ղեկավարում են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը, Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի օրվա պատասխանատուն և «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի անտառապետը:
 
Առաջին իսկ պահից որոնողական աշխատանքներին միացել են նաև նշված վայրի հարևանությամբ գործող սննդի կետի աշխատակիցները, որոնցից Սեյրանը մի քանի անգամ իր Niva-ով անտառի դժվարանցանելի հատվածում՝ փրկարարների և ոստիկանների հետ մոտ 4 կմ որոնողական աշխատանքներ կատարեց:
 
Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի եկել էին այնտեղ և մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել «Թաքնված ջրվեժ»:
 
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:
 
«Թաքնված ջրվեժը» գտնվում է Դիլիջան ազգային պարկից՝ Հաղարծնի վանքից ոչ հեռու: Անցնելով անտառային մի փոքր արահետով, որը ոլոր-մոլոր ձգվում է մինչ լեռան ստորոտը, կարելի է այն տեսնել: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, քանի որ ամռան շոգին ու քայլքից հովանալու հնարավորություն է ընձեռնում:
Ջրվեժը հեռու է մարդկային աչքից, նրա ուղին միայն հովիվներն ու գիտակներն են գտնում, այդ պատճառով էլ անվանվում է «թաքնված»:
 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր