211652_close_icon
views-count3499 դիտում article-date 18:22 13-05-2022

Վարչապետն անձամբ է ասում, որ Տեղ գյուղից այնկողմ Ադրբեջան է, իրենց համար հայրենիքը զրո է․Առուշ Առուշանյան

Tert.am-ը գրում է. Այս քանի օրը Ֆրանսիայի հրապարակում հաճախ եմ տեսնում շատ գորիսեցիների, ովքեր գալիս և մասնակցում են հանրահավաքներին, մարդիկ ներգրավված են այս գործընթացների մեջ և պատրաստակամ են մինչև վերջ գնալու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Վերջինս նշեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ ներկա իշխանությունները հեռանան և մասնակցություն չունենան սահմանազատման և սահմանագծման հետագա գործընթացներում։

 «Եթե անձամբ վարչապետն է արտահայտվում, որ Տեղ գյուղից այնկողմ Ադրբեջան է, ուրիշ ի՞նչ պետք է սպասել այս իշխանություններից։ Տեղը Գորիսին կպած գյուղ է, որտեղից սկսվում է ՀՀ-ի և Արցախի սահմանը, այդ հայտարարությունից հետո կարող ենք ենթադրել, որ պատերազմը կանխամտածված էր և պլանավորված։ Ենթադրում եմ, որ ավելի վտանգավոր բաներ են լինելու, որովհետև այս մարդկանց համար հայրենիք, սկզբունքներ, նամուս, թասիբ, ամեն ինչ 0 է»,- ասաց Առուշանյանը։

Նա նշեց, որ Ֆրանսիայի հրապարակում է՝ որպես ՀՀ քաղաքացի և մնալու է մինչև վերջ, քանի որ սա պայքար է հանուն պետության ու անվտանգության։

«Այս անհայրենիքները պետք է գնան ու գան մարդիկ, ովքեր սիրում են իրենց հողն ու ջուրը»,- հավելեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Նմանատիպ նյութեր