211652_close_icon
views-count18426 դիտում article-date 15:49 23-10-2021

Առուշ Առուշանյան. Մինչեւ վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը հետ վերադարձնելու ուղղությամբ․ «Հրապարակ»

Գորիսի նորընտիր քաղաքապետ, ԱԱԾ-ի «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Առուշ Առուշանյանը պատասխանել է haparak օրաթերթի մի քանի հարցին:

- Սպասելի՞ էր, որ նման արդյունքներով կհաղթեք իշխանություններին:

- Այսպես պատասխանեմ` մենք այս ընթացքում հասարակության հետ մշտապես շփվել ենք միասնական ընտանիքի սկզբունքով եւ երբեք սեւ ու սպիտակ կամ մերոնքական-ձերոնքական չենք արել։ Աշխատել ենք արդար, անմնացորդ նվիրվածությամբ, ուստի Աստծո կամոք եղավ այն, ինչ պետք է լիներ։ 

-Եթե այս ընտրություններին էլ առաջադրվեիք «Հայաստան» դաշինքի կողմից, հաղթանակ կունենայի՞ք:

- Կարծում եմ՝ պատկերը նույնը կլիներ։

- Տեղյա՞կ եք, որ մարզպետը եւ նրա մերձավորները Ձեր օգտին են աշխատել, Ձեր քավորության մասին է խոսվում:

- Կարող եմ միանշանակ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում։ 

- ՔՊ թեկնածուն ընտրություններից հետո հայտարարեց, որ Գորիսն է պարտվել, ոչ թե ինքը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է նկատի ունեցել:

- Նախ արձանագրենք որ Գորիսը երբեք եւ ոչ մի ժամանակաշրջանում չի պարտվել եւ չի էլ պարտվելու, իսկ ինչ վերաբերում է այդ անձի հայտարարությանը, ապա արժանի չեմ համարում նման անպատիվ հայտարարությունը մեկնաբանել:

- Ձեզ չընտրողներին ի՞նչ կուզեք փոխանցել:

- Մենք միասնական ընտանիք ենք, միշտ ունեցել ենք կառուցողական հարաբերություններ, որոնք, անշուշտ, շարունակելու ենք:

- Եթե իշխանությունը, այդուհանդերձ, Ձեզ շարունակի պահել անազատության մեջ, համայնքի ղեկավարումը չի՞ տապալվի:

- Իհարկե ոչ, ավելին ասեմ` ես կալանավայրից արդեն 3 ամսից ավելի ղեկավարում եմ Գորիս համայնքը եւ համոզված եմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես, գտնվելով ազատության մեջ, նույն ոգով կշարունակեմ ղեկավարել Գորիս համայնքը:

- Ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին է խոսվում, որ իշխանությունը Ձեզ «թողեց» Գորիսը, բայց Դուք էլ այսուհետ չպետք է խոչընդոտեք անվտանգային հարցերին։ Նման խոսակցություններ կան, ի՞նչ կասեք։

- Նախ եկեք մի բան ֆիքսենք` ես երբեք չեմ պայմանավորվում, իսկ ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա եթե Դուք նկատի ունեք քննարկվող միջանցքի կամ նվեր տված ճանապարհի եւ Սեւ լճի հարցերը, ապա վստահ կարող եմ Ձեզ ասել, որ մինչեւ վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը հետ վերադարձնելու ուղղությամբ:
 

Նմանատիպ նյութեր