211652_close_icon
views-count937 դիտում article-date 18:50 12-05-2022

ՍԱՏՄ-ն իրազեկման մի շարք միջոցառումներ է անցկացրել Բույսերի առողջության պաշտպանության օրվա առթիվ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) մայիսի 12-ին նշվող Բույսերի առողջության պաշտպանության օրվա առթիվ։ 

«Արդեն մի քանի տարի է Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կենդանիների և բույսերի առողջությամբ զբաղվող միջազգային կառույցները փորձում են համատեղել ջանքերը և համախմբել բոլոր շահագրգիռ ոլորտերը «Մեկ առողջություն» սկզբունքի շուրջ, որի շրջանակներում առանցքային դեր է վերապահված բույսերին ու դրանց առողջության պաշտպանությանը:

Խնդրի կարևորությունը նկատի ունենալով էլ՝ ՀՀ կառավարությունը, ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում ամրագրել է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նկատի ունենալով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը բուսասանիտարիան է և կարևորելով այդ ոլորտի դերի բարձրացումն ու դրան ուղղված միջոցառումների մասին հանրային իրազեկումը, Տեսչական մարմինը մայիսի 12-ին անցկացրել է իրազեկման մի շարք միջոցառումներ:

«Դրանք մեկնարկել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված կլոր սեղանով, որը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության հանդիպումն էր ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ու գիտության, գիտական հաստատությունների դերը անասնաբուժության ոլորտի զարգացման գործում: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակա Նարեկ Հայրապետյանն ու Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթներն ու պատասխանել հուզող հարցերին»,- հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից:

Նշվում է, որ մայիսի 12-ին նաև տեղի է ունեցել ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում:

Լրագրողներին ներկայացվել է բույսերի առողջության պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, պետական վերահսկողության առանձնահատկությունները, արված աշխատանքն ու լուծման կարիք ունեցող խնդիրները:

Օրվա երկրորդ կեսին անցկացվել է համաժողով՝ «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» կարգախոսով, որին մասնակցել են ոլորտի մասնագետներ, ՍԱՏՄ-ի, միջազգային կառույցների, ուսումնական-գիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:

Ինչո՞ւ է բույսերի առողջությունը կարևոր, ինչ խնդիրներ կան այս ոլորտում և ինչու՞ է կարևոր բնագավառի պետական վերահսկողությունը. այս հարցերին է անդրադարձել ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը: «Բույսերի առողջության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի կայուն գյուղատնտեսության եւ պարենային համակարգերի համար, ինչը ոչ միշտ է գիտակցվում բույսեր մշակողների կողմից։ Բույսերին տրվող հավելումները՝ պեստիցիդներն ու թունաքիմիկատները, հաճախ մնում են այդ բույսերի մեջ և շրջակա միջավայրում՝ ստեղծելով լուրջ խնդիրներ մարդկանց ու երկրի համար: Այս երևույթների դեմ պայքարը լրջագույն խնդիր է, որի լուծումը նախ և առաջ գյուղացուն, ֆերմերին մշակաբույսեր աճեցնողներին իրազեկելն ու կրթելն է»,- նշել է նա: Նարեկ Հայրապետյանը նաև անդրադարձել է պետական վերահսկողության միջոցառումներին, դրանց առանձնահատկություններին, ներկայացրել Տեսչական մարմնի աշխատանքը՝ երկրում կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված օջախները բացահայտելու, մեկուսացնելու և վերացնելու ուղղությամբ:

«Կլիմայի փոփոխությունը եւ մարդկային գործունեությունը փոխել են էկոհամակարգերը, կրճատել կենսաբազմազանությունը, բույսերի առողջությունը գնալով ավելի ու ավելի է վտանգվում և այդ խնդիրներին դիմագրավելու համար նախ պետք են համապատասխան գիտելիքներով մասնագետներ, որոնք շարունակաբար կզարգացնեն իրենց կարողությունները: Ագրարային ոլորտի աշխատաշուկայի ժամանակակից պահանջները բավարարելու՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաքելության մասին է խոսել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նա ներկայացրել է այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին. նոր լաբորատորիաներ, ջերմոցներ, ուսուցման ու զարգացման նոր մեթոդներ:

Ոլորտում հսկայական աշխատանք կա անելու, որ առողջ բույսերով ունենանք առողջ Հայաստան, առողջ մոլորակ:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հաշվարկներում նշվում է, որ մինչև 2050 թվականը գյուղատնտեսական արտադրանքը պետք է ավելանա մոտ 60 տոկոսով՝ ավելի մեծաթիվ բնակչությանը սննդամթերքով ապահովելու համար: Բույսերը մարդկանց սպառած սննդամթերքի մեծ մասի՝ 80 տոկոսի, աղբյուրն են։ Պարենային մշակաբույսերի տարեկան մինչեւ 40 տոկոսը ոչնչանում է բույսերի հիվանդությունների եւ վնասատուների պատճառով»,- տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ-ն։    

Նմանատիպ նյութեր