211652_close_icon
views-count1979 դիտում article-date 22:11 06-12-2019

ՄԱԿ-ը 2020թ. հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են կազմակերպել բույսերի առողջության պահպանման միջազգային տարվա շրջանակներում: Բույսերի առողջության պահպանումը գործունեություն է, որը կանխում է բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների վնասակար օրգանիզմների ներթափանցումը, դրանց դեմ պայքարը, ներառյալ՝ ներմուծման և արտահանման կարգավորումը մի շարք ընթացակարգերի միջոցով, որոնք ուղղված են նոր տարածքներում վնասակար օրգանիզմների տարածման կանխարգելմանը՝ հատկապես միջազգային առևտրի, զբոսաշրջության և պարենային օգնության ուղիներով: Բուսասանիտարիան գյուղական վայրերում սովի, աղքատության վերացման և ապրուստի աղբյուրների ապահովման ցանկացած ռազմավարության առանցքային տարրն է: Գյուղատնտեսական ապրանքների միջազգային առևտրի ծավալի մեծ աճը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքները հանգեցնում են վնասակար օրգանիզմների ներթափանցման ռիսկի կտրուկ աճի և բույսերի առողջության համար նոր լուրջ խնդիրների առաջացման: «Բույսերի առողջության պահպանման միջազգային տարին կբարձրացնի բույսերի առողջության կարևորության մասին իրազեկությունը և դրա ազդեցությունը գլոբալ նշանակության խնդիրների լուծման համար: Վնասակար օրգանիզմների տարածման գոտու ընդլայնմանը զուգահեռ, աճում են սննդամթերքի, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության համար սպառնալիքները։ Մասնավորապես, վնասակար օրգանիզմները, որոնք ներթափանցում են նոր էկոհամակարգեր, կարող են կործանարար ազդեցություն ունենալ պարենային անվտանգության և շրջակա միջավայրի անվտանգության տեսակետից»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Նա նաև ներկայացրել է վնասակար օրգանիզմների ներգործությամբ առաջացած բերքի կորուստները վերաբերյալ տվյալներ: Ըստ այդմ դրանք կարող են զգալի լինել՝ ըստ հաշվարկների հասնելով 50 տոկոսի: Միայն տնտեսական առումով՝ բույսերի հիվանդությունները համաշխարհային տնտեսությանը տարեկան մոտ 220 մլրդ դոլարի վնաս են պատճառում, իսկ վնասատու միջատները՝ շուրջ 70 մլրդի: Այդ խնդիրների լուծման համար Ֆինլանդիայի Հանրապետությունը 2016 թվականին պաշտոնապես դիմել Է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ)՝ առաջարկելով 2020 թվականը հռչակել Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի: Պատվիրակներն ընդունել են միաձայն ներկայացված առաջարկը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018 թվականի դեկտեմբերի 20-ին հաստատել է 2020 թվականը որպես Բույսերի առողջության պահպանման միջազգային տարի: Պարենային անվտանգության և էկոհամակարգերի գործունեության համար առողջ բույսերի նշանակության մասին հանրային իրազեկության բարձրացումը հրատապ անհրաժեշտություն է և նման միջոցառումները կհանգեցնեն ոլորտի քաղաքականության հարթակի ստեղծմանը և կնպաստեն համաշխարհային բուսական ռեսուրսների պաշտպանման և պահպանման գործունեության խթանմանն ու իրականացմանը, ինչպես նաև սովը, աղքատությունը և շրջակա միջավայրին սպառնացող խնդիրները լուծելու համար բույսերի առողջության կարևորության մասին իրազեկության բարձրացմանը: Բուսասանիտարական ոլորտում Հայաստանի Հանրապետության ողջ գործունեությունը լուսաբանված է «Բուսասանիտարիան աշխարհում և Հայաստանում» գրքում, առկա է նաև էլեկտրոնային տարբերակը snund.am կայքի Բուսասանիտարիայի բաժնում: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ 1. Հանրային իրազեկում – Տարեկան 2. Հանրապետության դպրոցներում բույսերի առողջության վերաբերյալ դասընթացների կազմակերպում – Տարեկան 3. Հանրամատչելի (մուլտ)ֆիլմի պատրաստում (օրինակ, ինչպես պահել չրեղենը, ընդեղենը և այլ) – I եռամսյակ 4. Միջազգային համաժողով - II եռամսյակ 5. ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստի կազմակերպում և անցկացում Երևանում - II եռամսյակ 6. Պեստիցիդների և ագրոքիմիկատների, բուաաբուծութան ոլորտում օգտագործվող սարքավորումների ցուցահանդեսի կազմակերպում - III եռամսյակ 7. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում «ԲԱՄՏ 2020-ի իրազեկման շաբաթներ»-ի անցկացում՝ ցուցադրություններով, դաշտեր այցելություններով և լավագույն ֆերմերներին պատվոգրերի հանձնմամբ – III և IV եռամսյակներ 8. Գիտաժողովի կազմակերպում - III եռամսյակ 9. Գյուղատնտեսական տոնավաճառ ցուցահանդեսների կազմակերպում - IV եռամսյակ 10. Լավագույն և հաջողված ֆերմերների կողմից պատշաճ գյուղատնտեսական պրակտիկայի ներկայացում - IV եռամսյակ Միջոցառումները նախատեսվում է իրականացնել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի աշխատակազմի (IPPC) հետ համատեղ: Ակնկալում ենք նաև ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ու մարզպետարանների աջակցությունը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի www.snund.am կայքում կստեղծվի ԲԱՄՏ 2020 առանձին բաժին: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր