211652_close_icon
views-count4849 դիտում article-date 16:58 10-05-2022

Ուսումնասիրվում է հայկական երկրաջերմային աղբյուրներից և ստորգետնյա աղի հանքավայրերից մեկուսացված էքստրեմոֆիլների հիմքով կենսապլաստիկների արտադրությունը՝ տարատեսակ գյուղատնտեսական թափոնների կիրառմամբ

Ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ներկայացրած «Կենսահեն և կենսաքայքայվող պլաստիկ՝ վերականգնվող աղբյուրներից» գիտական թեման: Գիտական թեմայի շրջանակում ուսումնասիրվում է հայկական երկրաջերմային աղբյուրներից և ստորգետնյա աղի հանքավայրերից մեկուսացված էքստրեմոֆիլների հիմքով կենսապլաստիկների արտադրությունը՝ տարատեսակ գյուղատնտեսական թափոնների կիրառմամբ:

Զրույց՝ թեմայի ղեկավար, կ.գ.թ, դոցենտ Հովիկ Փանոսյանի հետ.
 
Վերջին տարիներին զգալի մեծացել է պոլիէթիլենային և պլաստիկե պոլիմերների պահանջը, սակայն քիմիական եղանակով ստացվող այդպիսի պոլիմերների լայնամասշտաբ և չվերահսկվող կիրառությունը առաջացնում է բնապահպանական լուրջ խնդիրներ:
 
«Այդ պոլիմերները բնության մեջ երկար ժամանակ չեն քայքայվում, իսկ քայքայվելիս առաջացնում են թունավոր, այդ թվում՝ քաղցկեղածին նյութեր: Հետևաբար դրանց այլընտրանք համարվող կենսահեն և կենսաքայքայվող կենսապոլիմերների (կենսապլաստիկների) ստացումը արդի գիտության հիմնախնդիրներից է»,- մեզ հետ զրույցում ասաց Հովիկ Փանոսյանը:

Ըստ որոշ հաշվարկների՝ կենսապոլիմերների արտադրական ծավալները ներկայումս կազմում են արտադրվող պոլիմերների համաշխարահային ծավալի միայն 1%-ը: Ներկայումս նկատվում է դրանց նկատմամբ պահանջարկի աճման միտում, և կանխատեսվում է, որ մինչև 2025 թվականը համաշխարհային շուկայում դրանց արտադրական ծավալները կհասնեն մինչև 30%-ի:
 
«էքստրեմոֆիլ մանրէների հիմքով կենսապոլիմերների արտադրությունը ունի մի շարք առավելություներ. նախ՝ կբացառվի կոնտամինացիան, կենսապոլիմերների սինթեզի գործընթացը էքստերմալ ռեակցիոն միջավայրում, ապա՝ կլինի ավելի էներգախնայող՝ շրջանցելով արտադրական մասշտաբներով մանրէազերծման ծախսատար փուլերը: Բացի դրանից՝ էքստրեմոֆիլ մանրէները ախտածին չեն, ինչը առավել կարևորվում է մանրէների հիմքով կենսատեխնոլոգիական արտադրություններում»,- նշեց Հ. Փանոսյանը
 
Մանրէների կենսազանգվածի ստացման համար նախընտրելի է կենսապոլիմերների արտադրությունը կազմակերպել վերականգնվող և էժան աղբյուրներով, ինչպիսիք են, օրինակ, գյուղատնտեսական թափոնները, ինչը
զգալիորեն կնվազեցնի կենսապոլիմերների ինքնարժեքը:
 
«Ակնկալվող արդյունքները կարող են զգալի ներդրում ունենալ գյուղթափոնների վրա հիմնված կենսապլաստիկի սինթեզի տեխնոլոգիաներում և գնահատել արտադրված կենսապլաստիկների կենսատեխնոլոգիական ներուժը: Ծրագրի նպատակն է Հայաստանի էքստրեմալ կենսամիջավայրերից ընտրողաբար մեկուսացնել կենսաքայքայվող կենսապոլիմերային միացություններ արտադրող թերմոֆիլ և հալոֆիլ մանրէներ, ուսումնասիրել արտադրվող կենսապոլիմերների ֆիզիկաքիմիական ու կառուցվածքային առանձնահատկությունները և գնահատել տարբեր գորընթացներում դրանց կիրառման հեռանկարները»,- ընդգծեց դոցենտը:
 
Ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա ստանալ նոր և կենսատեխնոլոգիապես հեռանկարային կենսապոլիմերներ: Ստացված արդյունքները կներկայացվեն միջազգային գիտաժողովներում և կտպագրվեն միջազգային ճանաչում ունեցող գիտական հանդեսներում: Կհամալրվի ամբիոնում ստեղծված էքստրեմոֆիլ մանրէների կուլտուրաների հավաքածուն:
 
Նկատենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից: Ծրագրում, բացի խմբի ղեկավարից, ընդգրկված են նաև ԵՊՀ դոցենտ Արմինե Մարգարյանը և ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը:
 

Նմանատիպ նյութեր