211652_close_icon
views-count1027 դիտում article-date 22:29 09-05-2022

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան եռատոնի առթիվ ուղերձ է հղել

Սիրելի´ հայրենակիցներ
Տասնամյակներ շարունակ  հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ է նշել մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման օրը։

Անուրանալի է հայ ժողովրդի ներդրումը երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։ Մեր պապերը պատվով կրեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի դափնիները։

Տասնամյակներ անց նրանց որդիներն ու թոռները կերտեցին նոր հաղթանակներ՝ հանուն ազատ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգ և խաղաղ գալիքի: Հավերժ փառք և խոնարհում  հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին: Այսօր հայոց բերդաքաղաք Շուշին, չնայած գերեվարված, շարունակում է լինել  հայ ազգի  վերածննդի պատմական արդարության խորհրդանիշներից կարևորագույնը։ Իսկ Պաշտպանության բանակի հիմնադրումը ազգապահպան իր առաքելությամբ լրացրել է մայիսյան հաղթանակների շքերթը։

Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն։ Մայիսյան հերոսամարտերի ամենամեծ խորհուրդը, սակայն, միասնությունն ու  ազգային ոգու ամրապնդումն  է, խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը վերանվաճելու և ամուր պահելու գաղափարը:

Համոզված եմ, որ գալիք սերունդները, ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, շարունակելու են  նոր հաղթարշավներ՝ հանուն մեր երկրի գոյության, հզորացման, զարգացման ու բարգավաճման։

Թո'ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին  ու  կամքը։

ԱՀ ԱԺ լրատվության և
հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր