211652_close_icon
views-count1508 դիտում article-date 14:06 09-05-2021

  Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք  և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան. ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսյան հաղթանակների օրվա առթիվ ուղերձ է հղել

Հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է  արդարության, ազատության, մարդասիրության կողմնակիցը և  հակամարդկային ցանկացած գաղափարախոսության և բարբարոսության ընդդիմամարտիկը։

   76  տարի առաջ Խորհրդային միավորված ազգերի բանակը փայլուն հաղթանակով խորտակեց ֆաշիստական մարդատյաց չարիքը և վճռեց Հայրենական մեծ պատերազմի ելքը։

   Մեր պապերն ու հայրերն իրենց անմնացորդ նվիրումն ու ավանդն ունեցան նացիստական ուժերին հաղթելու գործում ։

   Մեր նախնիների սխրանքների օրինակով տասնամյակներ անց մայիսյան նույն օրը հայ ժողովուրդը շարունակեց փառավոր հաղթանակների երթը։ Ազատագրելով հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին՝ հայկական ուժերը  կռեցին  Արցախյան ազատամարտի հաղթանակների փառքի պսակը։ 2020թ․ Արցախյան 3-րդ պատերազմում, ավաղ, Շուշին ևս կորցրինք։

  Մայիսյան տոնացույցը համալրեց ազգապահպան մեկ կարևոր տոն  ևս. պաշտոնապես ստեղծվեց Արցախի պաշպանության բանակը, և մայիսի 9-ը հռչակվեց որպես եռատոն:

  Մեր վաղվա օրը հուսալի և անվտանգ կերտելու համար մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել և իմաստավորել  մեր պատմական հաղթանակները, վերակազմակերպվել, վերարժևորել  յուրաքանչյուր քայլ և պահանջատեր լինել ։

   Հաղթանակի և խաղաղության տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների առհավատչյան է։

   Գլուխ ենք խոնարհում   մայիսյան հաղթանակները կերտած և Արցախյան 3 պատերազմներում հանուն ազատ ու անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի  իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առջև։

   Թո'ղ մայիսյան հաղթանակների խորհուրդը միմիայն հաջողության ուղենիշ լինի, և մեզ երբեք չլքեն հաղթանակելու ոգին  ու  կամքը։

    Համոզված եմ, որ մենք կվերակենդանանանք  և, անկասկած, կկերտենք մեր հաղթական ապագան:
Նախօրեին ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցել են Ստեփանակերտի  Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացած ժամերգությանը, որից հետո խորհրդարանականները  միացել  են մայիսի 9-ին ընդառաջ կազմակերպված խաչերթին։
 
 ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր