211652_close_icon
views-count1264 դիտում article-date 15:33 27-04-2022

ՓՄՁ-ներն արտահանման դեպքում կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ Կառավարությունն առաջարկում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող` մաքսային վճարների մեջ ներառվող պետական տուրքը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փոփոխությունն ուղղված է նաեւ մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, իսկ դրա ընդունումը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշեց, որ  փոփոխությամբ տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:

Նշվել է նաեւ, որ օրինագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների նվազեցում` միջինում 106.35 մլն դրամի չափով:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի համապատասխան հոդվածի վերնագիրը փոխել, որն ընդունվել էր հիմնական զեկուցողի կողմից:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծիք է հայտնել, որ օրենքի նախագիծը չի տա ցանկալի արդյունք, քանի որ այն բացասական է ազդելու պետական բյուջեի վրա: Նա առաջարկեց դյուրացնել համակարգի վարչարարությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկեց օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց իրականացնել մոնիթորինգ` պարզելու համար, թե այն ինչ դրական ազդեցություն է ունեցել ՓՄՁ-ների վրա:

Նմանատիպ նյութեր