211652_close_icon
views-count1532 դիտում article-date 17:40 22-04-2022

Արցախը իր չէ, որ հանձնես կամ չհանձնես․Բացառում եմ, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի առանց լայն հանրային քննարկման. Փաշինյան

ԼՂ բանակցությունների ամեն փուլից հետո մանրամասն տեղեկությունները կիսում եմ Հայաստանի իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ, մշտապես պատրաստակամությունն եմ ցուցաբերել նաեւ այդ տեղեկատվությունը կիսել նաեւ խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, թերեւս հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների» մասին լեգենդներ ստեղծեն եւ դրանք դնեն իրենց գործունեության հիմքում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր  են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին:

Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս այս ընթացքում, այս պահին չի եղել եւ չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սեւագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի:

Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով պետք է ասեմ՝ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Արցախը առաջին հերթին, այնտեղ ապրող մարդն է:

Եթե մենք Արցախը հանձնող լինեինք 44–օրյա պատերազմից հետո տասնյակ–միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողն, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումն, ըստ էության, իրականություն դարձած կլիներ։ Մենք, ընդհակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք  իրականցնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է  արցախցուն պահել Արցախում: Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ դա առանց խաղաղության հնարավոր չէ»,–ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ բացառում է, որ ստորագրվի որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման. «Բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը շատ, թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում Արցախի հանրության բոլոր շերտերի հետ: Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում:

Այս առումով հոռետեսները բերում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության օրինակը, որը ստորագրվեց առանց լայն հանրային քննարկման: Սա տարօրինակ համեմատություն է, որովհետեւ  պատերազմի ընթացքում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 հազար զինվորի կյանքը եւ Արցախը հայաթափումից փրկելու  համար եւ համեմատությունները տեղին չեն: Մյուս կողմից  մեր բոլոր քայլերը հենց դրանց են ուղղված, որ ստիպված չլինենք նմանատիպ պայմաններում որոշում կայացնել»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր