211652_close_icon
views-count1032 դիտում article-date 09:31 21-04-2022

Ուկրաինայից 500 հազար մարդ արտաքսվել է Ռուսաստան

«Ուկրաինայից կես միլիոն քաղաքացիներ արտաքսվել են Ռուսաստանի Դաշնություն՝ առանց իրենց համաձայնության»,- չորեքշաբթի օրն ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի հումանիտար և տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Նիկիտա Պոտուրաևը՝ ելույթ ունենալով եվրոպացի օրենսդիրների առջեւ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ուկրաինան այդ քաղաքացիներին անհետ կորած է համարում։ Պոտուրաևը Կարմիր խաչին կոչ է արել օգնել գտնել Ռուսաստան տեղափոխված Ուկրաինայի քաղաքացիներին և կապ հաստատել նրանց հետ։

«Ցավոք սրտի, այդ մարդկանց հետ նույնիսկ կապ հաստատելու ոչ մի միջոց դեռևս չկա»,- տեսահոլովակի միջոցով ասել է Պոտուրաևը Եվրախորհրդարանի պատգամավորներին։

Ուկրաինացի օրենսդիրն ընդգծել է, որ անհանգստացած է Ռուսաստան ուղարկված ուկրաինացիների ճակատագրով։

«Մենք գիտենք Ուկրաինայի քաղաքացիների համար այսպես կոչված ֆիլտրման ճամբարների մասին»,- ասել է Պոտուրաևը։

Reuters-ին անկախ աղբյուրներից դեռ չի հաջողվել հաստատել Պոտուրաեւի ներկայացրված թվերը:

Ի պատասխան ուկրաինացի խորհրդարանականի դիմումի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից Ալեքսանդրա Բոյվինն ասել է, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի իշխանությունների հետ Ուկրաինայի տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու հնարավորության շուրջ։

«Այն հարցին, թե արդյոք մենք կարող ենք հաստատել, որ այդ մարդիկ բռնի կերպով են տեղահանվել, այս պահին ես չեմ կարող պատասխանել … բայց սա, անշուշտ, մտահոգիչ հանգամանք է»,- ասել է Ալեքսանդրա Բոյվինը Եվրախորհրդարանում քննարկումների ժամանակ:

1949 թվականի Ժնևի կոնվենցիաները, որոնք սահմանում են ռազմական հակամարտությունների պայմաններում միջազգային իրավական հումանիտար չափանիշները, արգելում են քաղաքացիական անձանց զանգվածային բռնի տեղափոխումը օկուպացիոն տերության տարածք ՝ որակելով դա որպես ռազմական հանցագործություն։

Ռուսաստանի կառավարության մարտի 12-ի որոշման մեջ նշվում է Ուկրաինայից փախած 95․909 մարդկանց, այդ թվում՝ ինքնահռչակ անջատողական «հանրապետությունների» բնակիչների գտնվելու վայրը:

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ Մարիուպոլից տարհանել են 138․014 խաղաղ բնակիչների՝ քաղաքում ընթացող թեժ մարտերի պատճառով: