211652_close_icon
views-count4818 դիտում article-date 20:10 18-04-2022

Ե՛վ Դավիթ Տոնոյանը, և՛ Փաշինյանը ստում են սաղավարտների ու զրահաբաճկոնների մասով․ Մովսես Հակոբյան

 Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը նախորդ տարվա սեպտեմբերից կալանքի տակ է, շարունակում է քրեակատարողական հիմնարկից հայտարարություններ անել։

Այսօր նա իր հայտարարությունում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած խոսքին, թե ինքը պատերազմի ժամանակ է առաջին անգամ իմացել, որ զրահաբաճկոնի ու սաղավարտի խնդիր կա։

Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ժամանակ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գլխավոր ռազմական տեսուչ աշխատած Մովսես Հակոբյանը, hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տոնոյանի հայտարարությանը՝ սաղավարտների եւ զրահաբաճկոնների խնդրի մասին, նշեց՝ այդ հարցի վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանն է ստում, եւ Դավիթ Տոնոյանը․

«Տոնոյանը պիտի, որպես պաշտպանության նախարար, հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ։ Երկրորդ․ զինված ուժերը, առկա ուժերը եւ այն անձնակազմը, ովքեր կցագրված են, պատերազմի ժամանակ՝ բոլորի համար սաղավարտ եւ զրահաբաճկոն եղել է, չի եղել կամավորականների համար, որն ապօրինի է։ Կամավորական ջոկատներն ապօրինի կառույցներ են, չի նախատեսվում ոչ մի օրենքով, ոչ մի հրամանագրով։ Նիկոլ Փաշինյանի ասածը վերաբերում է կամավորականների ջոկատների` բանակ գնալուն, որոնց սաղավարտ եւ զրահաբաճկոն չի տրամադրվել։ Բանակի քանդման, մեր պարտության հիմքն է դրել կամավորական ջոկատների գնալը, շատ վատ բան եմ, չէ՞, ասում․․․ դա մեծ վնաս էր»։

 Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Տոնոյանը, ով կալանավորված է, հայտարարություն էր տարածել, ասելով․«Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»:

Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»։

Նմանատիպ նյութեր